Սերժ Սարգսյանն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին և ռազմական տեխնիկային: