Գյումրիում կրակոցներ չեն եղել, բայց արյան հետքեր կան
Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում, որը հայտնի է 50 ամյակի կամուրջ անունով, տեղի է ունեցել ավտովթար, որին հաջորդել է վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել են նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքեցին կրակոցների մասին տեղեկությունները:
«Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողի զեկուցագրի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի առթիվ: Ամբողջ անձնակազմով մեկնել ենք դեպքի վայր եւ հայտնաբերել ենք չկրակած գազային ատրճանակի չորս փամփուշտ, վնասված մեքենաներ: Զննությունը շարունակվում է: Հարուցվել է քրեական գործ: Ըստ տեղեկությունների դեպքը սկսվել է ավտովթարից»,- «Ասպարեզի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը:
Այն հարցին, թե վիճաբանությունը տեղի է ունեցել երկու տարբեր ընտանիքների միջեւ, Սահակ Մկրտչյանը չհաստատեց:
«Նման տեղեկություններ չունենք, որ վեճ է սկսվել ընտանիքների միջեւ: Կասկածյալների մի մասը բերման են ենթարկվել, տվյալները ճշտվում են: Կրակոցների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան: Դեպքի վայրում հայտնաբերված իրերը եւ առարկաները չեն խոսում կրակոցների մասին: Կրակված պարկուճ ու կրակոցի հետեւանքով վնասված մեքենա չկա: Արյան հետք հայտնաբերվել է»,- նշեց պատասխանատուն:
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հիվանդանոց հրազենային կամ վթարից տուժած քաղաքացիներ չեն դիմել, տուժողների մասին տեղեկություններ չունեին նաեւ շտապօգնությունում: