Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։