Արման Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հոկտեմբերի 13-ինհանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԵԱՀԿ խորհրդի նիստին ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա:

Մասնավորապես, դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի առաքելության ղեկավարն ափսոսանք հայտնեց, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:

Տեսանյութեր

Լրահոս