Հյուսիսային Օսիայի իշխանությունները խորհրդակցություն են հրավիրում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառով
Հյուսիսային Օսիայի իշխանությունները պատրաստվում են օպերատիվ խորհրդակցություն հրավիրել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որի հետևանքով տուժել է 27 մարդ, 5-ը զոհվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը հոսպիտալացվել է, որից չորսը 10-15 տարեկան երեխաներ են։
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ Բեսլանի մշակույթի տանը բացվել է տեղակայման ժամանակավոր կետ, որտեղ կգտնվեն այն 14 մարդիկ, որոնք չեն տուժել բեռնատարի և ավտոբուսի վթարի հետևանքով։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ խորհրդակցություն կհրավիրվի ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավարի գլխավորությամբ։
Նախատեսվում է նաև այցելություն բժշկական հաստատություններ, որտեղ հոսպիտալացվել են տուժածները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: