Բաժիններ՝

«Ռուսաստանի անցակետերը հատող տրանսպորտային միջոցներից կարող է տուրք գանձվել». «Կոմերսանտ»

Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, մոտ ժամանակներս Ռուսաստանի սահմանային հսկիչ-անցագրային կետերը հատող ավտոմեքենաներն ու բեռնատար գնացքները կարող են տուրք վճարել սահմանը հատելու համար:

Նման առաջարկի հեղինակը ՌԴ տրանսպորտի նախարարությունն է: Նշվում է, որ գումարներն անհրաժեշտ են հսկիչ-անցագրային կետերի բարեկարգման, վերակառուցման համար: Այդ ծախսերը գնահատվում են 250 մլրդ ռուբլի:

Բեռնափոխադրողները հայտարարում են, թե նոր վճարը կբարձրացնի իրենց մատուցած ծառայությունների արժեքը և կարող է հանգեցնել ներկրվող ապրանքների թանկացման, սակայն պատրաստ են դիմանալ «խելամիտ ծանրաբեռնվածությանը», եթե դա կկրճատի սահմանը հատելու վրա ծախսվող ժամանակը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը նոր տուրքի գումարով մտադիր է բարելավել հսկիչ-անցագրային կետերի շահագործման պայմանները:

Պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրին, գրում է, թե նախարարությունը նման որոշման է հանգել օգոստոսի վերջին Յուժնո-Սախալինսկում կայացած Պետական սահմանային հանձնաժողովի նիստի արդյունքներով:

Առաջին փուլում նախատեսվում է վճար գանձել սահմանը հատող ցանկացած՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներից և գնացքներից:

Ընդ որում՝ ավտոմեքենաներից վճար կգանձվի՝ կախված դրա կատեգորիայից (մարդատար կամ բեռնատար), իսկ գնացքներից՝ բեռի 1 տոննայի դիմաց սահմանված համապատասխան վճարի հաշվարկով:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը «Կոմերսանտին» հայտնել է, որ սահմանային անցակետերից օգտվելու վճար կարող է սահմանվել արդեն 2017թ. երկրորդ կեսից: Նրա խոսքով՝ միասնական օպերատորի ստեղծումը միակ տարբերակը չէ: Հնարավոր է՝ օպերատորները կլինեն մի քանիսը կամ վճարը կգանձվի միայն նոր՝ այլընտրանքային հսկիչ-անցագրային կետերից, որոնք կկառուցվեն մասնավոր ներդրումների ներգրավմամբ, իսկ հները կաշխատեն նախկին ռեժիմով:

Ռուսաստանի սահմանային հսկիչ-անցագրային կետերի կառավարումն անցել է տրանսպորտի նախարարության տնօրինությանն այս տարվա սկզբին, երբ լուծարվեց «Ռոսգրանիցան»:
Ներկայումս ՌԴ-ում գործում է 314 հսկիչ-անցագրային կետ, որոնցից մոտ 20 տոկոսն է համապատասխանում տեխնիկական չափորոշիչներին, որն անհրաժեշտ է պետական հսկողության իրականացման համար: Շուրջ 200-250 հսկիչ-անցագրային կետ պահանջում է կապիտալ ներդրումներ՝ վերակառուցման ու արդիականացման համար:
Նման մեկ կետի վերակառուցման միջին արժեքը գնահատվում է 1 մլրդ ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս