Կարեն Կարապետյանն անուղղակի մեղադրեց Արմեն Աշոտյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»: Ինչպես հայտնի է՝ մինչ այս տարվա փետրվար, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, այդ պաշտոնը յոթ տարի շարունակ զբաղեցնում էր Արմեն Աշոտյանը:

Այսինքն՝ հանրակրթական հաստատություններում այսօր առկա իրավիճակի համար առաջնահերթ պատասխանատու անձը հենց նա է, քանի որ յոթ տարին բավական երկար ժամանակ էր՝ ոլորտը ապականելու կամ բարեփոխելու համար:

Այսպիսով, վարչապետը փաստացի Արմեն Աշոտյանին անգործության կամ էլ ոլորտը ապականելու մեջ է մեղադրում: Արմեն Աշոտյանից փորձեցինք մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ նա ասաց.

«Պաշտոնաթողությունից հետո կրթության եւ գիտության ոլորտների մասին հրապարակային ելույթներ եւ գնահատականներ չեմ հնչեցնում»: Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է օրենքով արգելել, որպեսզի պետական ԲՈՒՀ-երի կառավարման խորհրդի կազմում պետական պաշտոնյաներ չլինեն: Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, մանկավարժականում՝ Գալուստ Սահակյանը, ճարտարապետաշինարարականում՝ Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Տեսնենք՝ բուհերի ՀՀԿ-աթափումը ինչ արդյունք կտա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս