«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ համապատասխան ցուցակը կգա Մոսկվայից». Արմեն Բադալյան
«Արդեն տեսանելի է, խորհրդարանական ընտրությունները չեն լինելու ազատ, արդար, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայից եկած ցուցակի հաստատումը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ թե որ կուսակցությունն ինչ անդամներով տեղ կունենա ապագա խորհրդարանում, դեռ պարզ չէ։ «Ձևափոխումը տեղի է ունենում ոչ թե նոր ուժեր ստեղծելով, այլ, ամենայն հավանականությամբ, եղած կուսակցությունների վերաձևավորումով։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններին, ընդհանրապես կապ չի ունենալու խորհրդարանական համայնապատկերի հետ, խորհրդանական համայնապատկերի ձևավորման մեխանիզմն ուրիշ է լինելու»,- նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ Ա. Բադալյանի՝ Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների պրակտիկան որևէ ազդեցություն չի կարող ունենալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև, նրա խոսքով, ՏԻՄ ընտրությունները և խորհրդարանական ընտրությունները լրիվ տարբեր են, այլ նպատակներ են հետապնդում, այլ մեխանիզմով են իրականացվում. «Եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ չափով գոնե ընտրական գործընթացի ինչ-որ նշույլներ երևացին, ապա խորհրդարանական ընտրության ժամանակ լրիվ այլ սկզբունքներով կլինեն, կգա ցուցակը Բաղրամյան 26, որտեղ նշված կլինի, թե որ կուսակցությունն ինչ կազմով խորհրդարանում ինչ տեղ պետք է ունենա»։
Ա. Բադալյանի դիտարկմամբ՝ համապատասխան ցուցակը կգա Մոսկվայից։ Ըստ նրա՝ ապագա խորհրդարանում կլինի նաև արևմտամետ ինչ-որ մի ուժ, որը չի լինի ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ «Ազատ դեմոկրատները». «Խորհրդարանը մեծամասամբ կլինի այնպիսին, ինչպիսին լինում է, ասենք, Կրասնոդարի երկրամասի Դուման։ Այսինքն՝ ապագա խորհրդարանում մեծամասնությունը կլինեն այն ուժեր, որոնք հավանության կարժանանան Կրեմլում։ Իհարկե, արևմտամետ ուժեր էլ կլինեն, բայց այնքանով, որքանով դա ձեռք կտա Կրեմլին, որովհետև միանշանակ ապագա խորհրդարանն ամբողջությամբ ռուսամետ դարձնելն անիմաստ է. Արևմուտքին որոշակի տոկոս զիջումներ կտրվի»։
Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին՝ Ա. Բադալյանն ասաց. «Հայաստանում սկսվել է իշխանության ձևավորման գործընթացը, որի առաջին քայլը կառավարության ձևավորումն է, որը տեղի ունեցավ Մոսկվայի կողմից։ Բայց դրանով չի ավարտվում, դա կավարտվի, երբ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան, այդ ժամանակահատվածում բոլոր այն ուժերը, որոնք ինչ-որ չափով արդեն կարող են հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի համար, կօգտագործվեն՝ անկախ նրանից, թե այդ ուժերից մեկի ղեկավարը նախկինում հեռացել է, չի հեռացել, դա էական նշանակություն չի ունենալու, քանի որ, ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, որն այս պահի դրությամբ ՀՀԿ-ի մասնաճյուղն է հանդիսանում, սակայն ունի ինչ-որ չափով ռեսուրս, այսինքն՝ ունի ինչ-որ չափով իշխանություն, բնական է, որ այս բոլոր իշխանական ռեսուրսները կօգտագործվեն խորհրդարանում Ռուսաստանի համար ցանկալի համայնապատկեր ձևավորելու համար»։
Ա. Բադալյանի խոսքով՝ այսօր Հայաստանում իշխանությունը չի պատկանում Բաղրամյան 26-ին, այլ պատկանում է ՌԴ-ին. «Ռուսաստանը Հայաստանում իր դիրքերն ամրապնդում է՝ ոչ միայն գործադիր ապարատն իրենով անելով, այլև ապագային է նայում, և կառավարության ձևավորումով սկսվեց ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացը»։
Քաղտեխնոլոգը չցանկացավ անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի վերադարձին՝ նշելով, որ ինքը մեկնաբանում է քաղաքական գործընթացները, և ոչ թե՝ անհատներին. «Երբ կստեղծի իր ուժը, այն ժամանակ էլ կխոսենք»։