Բրայզան՝ Վաշինգտոնի և Բաքվի հետագա հարաբերությունների մասին, եթե հաղթանակի այս կամ այն թեկնածուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ կառուցելու համար արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Նրա խոսքով՝ Քլինթոնը ավելի լավ կարող է առաջ մղել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը։ «Քլինթոնը տարածաշրջանի ռազմավարական պատկերի վերաբերյալ ունի ամբողջական գիտելիքներ»,- հայտարարել է Բրայզան։

Վերջինս նշել է, որ Քլինթոնն ունի բոլոր անհրաժեշտ մտավոր ունակությունները՝ իրականացնելու այն ռազմավարությունը, որը կամրապնդի ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում։

«Դա չի կարելի ասել Դոնալդ Թրամփի պարագայում, որը Հարավային Կովկասի առանձնահատկություններին վերաբերող գիտելիքներ, փորձառություն չունի։ Նա կիրակի կայացած երկրորդ բանավեճի ժամանակ անգամ ասաց, որ ոչինչ չգիտի Ռուսաստանի մասին»,- ասել է Բրայզան։

Բրայզան մտահոգված է, որ Թրամփի հնարավոր նախագահությունը կարող է լարվածություն առաջացնել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև այլ տարածաշրջաններում։

Նրա խոսքով՝ եթե հաղթանակի Թրամփը, Մոսկվան ակնհայտ գերազանցություն կստանա տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ում կնախագահի մեկը, ով փորձառու չէ քաղաքականությունում, չունի աշխատանքի անհրաժեշտ ռազմավարություն։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Թրամփի հաղթանակը բացասաբար կազդի նաև Ռուսատանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս