Բաժիններ՝

Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» կմասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը որոշում է կայացրել մտնել նոր գումարման խորհրդարան և մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ստեղծված քաղաքական դասավորությունում, երբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մնացել է գրեթե միակ արևմտամետ ընդդիմադիր ուժը, մենք չենք կարող Իվանիշվիլիի ռեժիմին թույլ տալ երկրում ձևավորել միակուսակցական կառավարում և հրաժարվել պայքարից այնպիսի կարևոր հարթակում, ինչպիսիք են խորհրդարանն ու խորհրդարանական պայքարը:

Հենց այդ պատճառով որոշում ենք կայացրել, չնայած ընտրակեղծումներին և ճնշմանը, չնայած այն բանին, որ երկրորդ փուլը տեղի կունենա շատ ծանր պայքարում, կուսակցությունը կմտնի խորհրդարան և կմասնակցի խորհրդարանական աշխատանքներին: Դա մեր որոշումն է:

Մենք կօգտագործենք բոլոր հարթակները, խորհրդարանը, մենք կօգտագործենք օրինական ակցիաները, արտերկրի մեր կապերը, որպեսզի երկիրը չդառնա միակուսակցական»,- հայտարարել է Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ կուսակցության անդամների մի մասը կարծում էր, որ «Միացյալ ազգային շարժումը» չպետք է մտնի խորհրդարան՝ դրանով իսկ օրինականացնելով ընտրությունները, որոնք, նրանց հայտարարմամբ, կեղծվել են:

Մյուս մասը կարծում էր, որ անհրաժեշտ է հարգել կես միլիոն ընտրողների ձայներն ու նրանց շահերը ներկայացնել երկրի խորհրդարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս