ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կորոշվի հոկտեմբերի 14-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանում քննարկվելու է մինչեւ 2025 թվականը հավաքական անվտանգության եւ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման նախագիծը:

«Ենթադրվում է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիային համապատասխան, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ դեռ մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստում որոշում ընդունվեց, որ Բորդյուժայի պաշտոնավարությունը կերկարացվի մեկ տարով: ՀԱՊԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության անդամ բոլոր պետությունները պետք է հաստատեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, որը կառույցը ղեկավարելու է երեք տարվա ընթացքում:

ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Տեսանյութեր

Լրահոս