Գյումրիի քաղաքապետարանում կգումարվի քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին կգումարվի քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Գյումրու ավագանու կազմը հստակեցվեց հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ի նիստի ժամանակ: Ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվերակությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերծնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԸԸՀ-ի այս որոշումը հաստատվեց ձայների 6 կողմ և 1 դեմ հարաբերությամբ: Հանձնաժողովի առավոտյան կայացած նիստի ժամանակ գրանցվել էր 6 կողմ և 1 ձեռնպահ, սակայն, ինչպես տեղեկացրին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս դեպքում ձեռնպահ քվեարկելու իրավունք չկա՝ անհրաժեշտ է քվեարկել կողմ կամ դեմ, և հանձնաժողովի տվյալ անդամն այս դեպքում դեմ քվեարկեց այդ որոշմանը:
Որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից և այն կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում ՝վարչական դատարանում:
Թիվ 34 ԸԸՀ-ի նույն օրվա ընթացքում նիստ էր գումարել և կրկնակի քվերակություն նշանակել, քանի որ առաջին քվեարկության ժամանակ աղմուկի պատճառով ոչ բոլորն էին տեսել քվեարկության ընթացքը, իսկ վերջում արդյունքերը չէին բարձրաձայնվել:
Արմենուհի Մխոյան