«Միջազգային հանրությունը լիակատար պատկերացնում է. առանց Արցախի ճանաչման ԼՂ խնդիրը չի լուծվի». Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու բանալին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեսնում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի այն խոստովանությանը, ըստ որի՝ փակ դռների հետևում նրա վրա միջազգային ճնշում է գործադրվում, Բաբայանը նշեց, որ միջազգա յին հանրությունը ամբողջությամբ պատկերացնում է՝ առանց այդ ճանաչման խնդրի կարգավորումն անհնար է:
«Ինչքան շուտ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը՝ առանց որևէ նախապայմանի, այնքան հեշտ կլինի հակամարտության լուծումը: Առանց նման ճանաչման հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունքի հասնել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական նացիստական քաղաքականությունը և ուզում է արդյունքի հասնել վերջնագրերով: Երբ Ալիևն է խոսում նման ճնշումների մասին, նշանակում է, որ միջազգային հանրությունն արմատապես վերանայում է իր մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբեր յալ»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք այդ ճնշումները կունենան արդյունք՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Ալիևն ինքն իրեն գցել է ծանր վիճակի մեջ և այն, որ այժմ Ադրբեջանում նացիզմն ու ֆաշիզմը՝ հայատյացությունը և ոչ միայն հայ, այլ նաև տարբեր ազգերի նկատմամբ ատելությունը, դարձել են պետական գաղափարախոսություն, նրա անձնական մեղքն է: Բաբայանի ներկայացմամբ, Ալիևը երկար տարիներ քարոզում էր հայատյացություն և իր այդ վերաբերմունքն օգտագործում է` քողարկելու բոլոր չարաշահումները, կոռուպցիան, տնտեսական, քաղաքական և այլ հանցագործություններ:
Ալիևը փաստորեն պետք է հրաժարվի այս ամենից, քանի որ Արցախի անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ նաև արդեն դարձել է հոգեբանական լուրջ հարց՝ Ադրբեջանում դարձել է բարդույթ Արցախի ճանաչումը: «Այն կնշանակի, որ այսքան տարիների վատնած ռեսուրսները, զոհերն ու ավերածությունները Ադրբեջանի նախագան արել է իր սեփական շահերից ելնելով, ոչ թե՝ ժողովրդի կամ պետության»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը` նկատելով, որ Ադրբեջանի հասարակ քաղաքացուն ձեռնտու է, որ իր երկիրը Արցախի անկախությունը ճանաչի և հարցը լուծվի: