Բաժիններ՝

«Գնանք, կամավորների հագուստ հագնենք, արկղերը ձեռքներիս կանգնենք, փող հավաքենք, համաժողովրդական դրամահավաք անենք, ինչո՞ւ չէ, գրքի՛ համար է». Արմեն Ամիրյան

Ի՞նչ է պետք անել որպեսզի գրախանութ այցելելու մշակույթն ավելի ամրանա մեզանում. գրախանութ կատարած հերթական այցին («Գրափունջ», Երևան, Կասյան փ.) այսօր հարցրեց նախարար Արմեն Ամիրյանը: Ներկաներից մեկն ասաց՝ «Սերիալների մեջ սպանությունները վերացնենք. 10 տարեկան տղաս ամբողջ օրը խաղալիքով կրակում է ու՝ վերջ»:

«Գրափունջ» գրախանութը տարիներ առաջ Երևանում հիմնել են Հրանտ Դինքը և նրա եղբայրները: Այն Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչն է այստեղ: Խոսրով Դինքի ազգական, նկարիչ անիմատոր Վրեժ Քասունին նախարար Արմեն Ամիրյանին և փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանին ներկայացրեց այն հնարավոր ծրագրերը, որոնցով կարելի է մարդկանց հրապուրել դեպի գրախանութ՝ ընթերցումներ, սրճարան կազմակերպելուց մինչև մանուկների համար գրով, նկարչությամբ ու կինոդիտումներով ժամանցի վայր դարձնելը:

Արմեն Ամիրյանն առաջարկեց բիզնես մոդել ներկայացնել. «Տեսնենք, թե դա որքանով է մոտ մեր պատկերացմանը՝ քաղաքացուն գրքին մոտ պահելու: Դա կինոդիտումների՞ միջոցով կլինի, նկարչությա՞ն, խաղալիքի՞, սրճարանի՞, դուք որոշեք: Հաշվարկեք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ կապեր, հնարավորություններ, աջակցություն, հարկային արտոնություն, գումար, օգնություն, վարկ փոքր բիզնեսի զարգացման համար… Միասին կնայենք, թե նախարարությունն ինչ կարող է անել: Գուցե ինքներս չանենք, մարդ գտնենք, որն օգնի ձեզ: Կազմակերպություն գտնենք, որը կկանգնի ձեր կողքին: Կազմակերպենք դրամահավաք՝ մեր ծրագիրն իրականացնելու համար: Ինքներս գնանք, կամավորների հագուստ հագնենք, արկղերը ձեռքներիս կանգնենք, փող հավաքենք, համաժողովրդական դրամահավաք անենք, ինչո՞ւ չէ, գրքի՛ համար է»:

ՀՀ մշակույթի նախարարություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս