«Պետք է ասենք, որ այդ մարդը կարծես թե խույս է տվել». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ապրիլին ադրբեջանցիների կողմից հայկական բանակի զինծառայողների մարմինների խոշտանգումները միջազգային հարթակում ավելի լսելի դարձնելու համար անհրաժեշտ է կատարել էլ ավելի համակարգված աշխատանք:

«Խոշտանգումների վերաբերյալ միջազգային կառույցներին ներկայացված զեկույցը, այո, լսելի եւ ընկալելի է դարձրել այդ դեպքերը, այսինքն՝ այդ բոլոր նյութերը ստացված են, սակայն մեզ համար առնվազն տարօրինակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ նրանք հնարավորություն չունեն այցելելու եւ ծանոթանալու այդ վայրին, հետեւաբար չեն կարող անել որեւէ եզրակացություն: Փաստորեն պետք է ասենք, որ այդ մարդը կարծես թե խույս է տվել, եւ այս պարագայում ինձ համար հասկանալի է միայն մեկ բան, որ մեր դիվանագետներն այդքան էլ լավ չեն աշխատել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ գործում առաջընթաց ունենալու համար պետք է աշխատել ամեն օր:

«Այս շրջանում Արցախը, հայ փաստաբաններն իրենց արտահայտությունների մեջ ավելի զուսպ են եղել, ինչը, կարող եմ ասել, ողջունելի է: Փաթեթը պատրաստվել է ամբողջովին եւ հավակնում է ներկայացվել Եվրոպական դատարան, որտեղ ընդունվելու պայմաններից մեկն այն է, որ չպետք է արվեն կոպիտ արտահայտություններ այն երկրի նկատմամբ, որի դեմ ներկայացվում է հայցը: Այնուամենայնիվ, տեսնենք, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները: Պարզապես այստեղ չպետք է անել, հիշել եւ մոռանալ: Կարծում եմ՝ ՄԱԿ-ի  գերագույն հանձնակատարի այդ արտահայտությունը ավելի քան մարտահրավեր է բոլոր մարմիններին, որպեսզի նրանք ավելի լավ աշխատեն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս