Բաժիններ՝

Դատախազը հաստատեց՝ ծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու վերաբերյալ ԿՌԲՀ կողմից որևէ ցուցում չի տրվել

2016 թ. հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, կայացավ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բերված բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը ոտքերի այտուցվածության ու կոշտուկների պատճառով զինծառայության հիմնական մասը անցկացրել է զինվորական հոսպիտալում՝ չկարողանալով կրել զինվորական կոշիկներ և իրականացնել ծառայությունը:

Հերթական անգամ ԿՌԲՀ որոշմամբ հաստատվել է, որ վերջինս չի կարող կրել զինվորական ստանդարտ կոշիկներ, և զինվորական հրամանատարությունը որոշել է զինծառայողին տրամադրել ոչ ստանդարտ զինվորական կոշիկներ, ինչը, սակայն, անօրինական է:

Դատական նիստին ներկա էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սողոմոնյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա. Մազմանյանը: Քննիչ Ա. Կոբալյանի՝ գործուղման մեջ գտնվելու պատճառով նրա փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանը: Կազմակերպության ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը ներկայացրեց բողոքը, որից հետո դիրքորոշում հայտնեց դատախազ Ա. Մազմանյանը՝ խնդրելով մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:

Դատավորը խնդրեց պարզաբանել, թե արդյոք ԿՌԲՀ 2016 թ. մարտի 3-ի որոշմամբ ցուցում է տրվել զինվորի ծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու վերաբերյալ, ինչին Ա. Մազմանյանը պատասխանեց, որ որոշմամբ միայն արձանագրվել է զինծառայողի՝ զինծառայությանը պիտանիության աստիճանը, սակայն ոչ ստանդարտ կոշիկ կրելու մասին որևէ ցուցում չի տրվել:

Դրա վերաբերյալ Դատարանի այլ՝ ճշտող հարցերին ի պատասխան՝ Ա. Մազմանյանը նշեց, որ Հանձնաժողովի կողմից որևէ եզրակացություն չի տրվել հետագա ծառայությունը շարունակելու հնարավորության վերաբերյալ: Միաժամանակ, դատարանի հարցին ի պատասխան, հայտնեց, որ նման նախադեպ չի եղել: Դիրքորոշում հայտնեց նաև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանը, որը ևս խնդրեց մերժել բողոքը՝ նշելով, որ քննիչ Ա. Կոբալյանի կողմից իրականացվել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում հանցագործության դեպք չի հայտնաբերվել: Քննչական նյութերին ծանոթանալու նպատակով Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս