«Ասել, որ ԲՀԿ-ն ինչ-որ առուծախի, աճուրդի մասնակից է եղել՝ առնվազն անպարկեշտ է». Նաիրա Զոհրաբյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց ընդդիմադիր այլ ուժերին՝ իշխանությունների հետ կոալիցիա կազմելու և ԿԸՀ կազմը վերընտրելու մեջ։

«Տեղի է ունեցել մի հետաքրքիր բան. ԿԸՀ կազմն առաջադրվել է Պետաիրավական հանձնաժողովի 10 անդամների կողմից, որոնց մի մասը ՀՀԿ-ն է, նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, նրանց են միացել նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը։ ՀԱԿ-ի կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ այս կազմը ոչ ոք չի քննարկել։ Ավելին, այդ նորաստեղծ կոալիցիան օգտագործելով Պետաիրավական հանձնաժողովի այդ 10 պատգամավորների ստորագրությունները՝ արգելափակել է այլընտրանքային որևէ առաջադրում։

Ստացվում է, որ ՀՀԿ-ի հետ տարբեր ժամանակներում կոալիցիա կազմած կուսակցություններն այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար ԿԸՀ-ի կազմի վերընտրության համար։

Այնտեղ է թաքնված անցած ՏԻՄ ընտրությունների ամբողջ գաղտնիքը։ Այս 4 կուսակցությունները, լինելով իրար մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս և ժամանակ առ ժամանակ ռոտացիոն կարգով հայտնվելով ընդդիմության շարքերում՝ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավարը։

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ քաղաքական ապագա ունեն միայն այն ուժերը, որոնք կարող են արժանապատիվ ընդունել իրենց պարտությունը. «Այն քաղաքական ուժերը, որոնք գրավում են վերջին պատվավոր հորիզոնականը, մեղադրում են ժողովրդին և այլ քաղաքական ուժերին, ապագա չունեն։ Դրանք այն ուժերն են, որոնք ընտրություններին բիրիքով վաճառել են հանձնաժողովի անդամների իրենց տեղերը և նաև՝ վստահված անձանց տեղերը։

Պարտությունը ևս պետք է արժանապատվությամբ ընդունել։ Ֆեյսբուքյան լայքերը, աղանդավոր, սեկտանտ ֆեյքեր պահելը, միևնույն է, դա քվեի չի վերածվելու։ 500 հոգի Ֆեյսբուքում խլրտացողները ոչ հանրային կարծիք են, ոչ ժողովրդի կարծիք են, ոչ էլ հանրային տրամադրություն ստեղծող։ Ասել, որ ԲՀԿ-ն ինչ-որ առուծախի, աճուրդի մասնակից է եղել՝ համարում եմ առնվազն անպարկեշտ, որովհետև ԲՀԿ-ն ստացել է այն, ինչ ստացել է իր աշխատանքի արդյունքում»։

Տեսանյութեր

Լրահոս