«Վերջին օրերի իրադարձությունները փոխել են պատկերը». ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Վրաստանի նախընտրական միջավայրի մասին
Մինչև վերջին օրերը Վրաստանում եղել է օրինակելի նախընտրական իրադրություն, սակայն վերջին օրերի իրադարձությունները փոխել են պատկերը։ Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», լրագրողներին հայտնել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիլ Սքոթը՝ գնահատելով Վրաստանի նախընտրական միջավայրը։
«Մինչև վերջին շրջանը մենք կարող էինք ասել, որ Վրաստանում եղել է օրինակելի նախընտրական իրադրություն բոլոր առումներով, ադ թվում՝ մեդիա-միջավայրի, սակայն վերջին օրերի իրադարձությունները, բնականաբար, փոխել են պատկերը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, բոլոր միջազգային կազմակերպությունները դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում»,- հայտարարել է Նիլ Սքոթը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում պայթեցվել էր Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան։
Պայթյունի հետևանքով տուժել էր մի քանի անցորդ, լրջորեն վնասվել է մեքենայի հետևի հատվածը։ Թարգամաձեն միջադեպի հետևանքով չէր տուժել։