«Ես Հանրապետական կուսակցությանը երբեք չեմ ասում, ասենք, Հանրապետական կետեր». Էդմոն Մարուքյանը հորդորում է Հովհաննես Սահակյանին՝ հարգալից լինել

«Երկար տարիներ կա միֆ, որ ԿԸՀ-ում նստած են մարդիկ, որ նկարելու լուրջ ունակություններ ունեն ու ինչ ուզում՝ նկարում են»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, երկար ժամանակ է՝ դա այդպես չէ, բայց այդ միֆը պահպանվում է, և մարդիկ անընդհատ մտածում են, որ ընտրությունների արդյունքները որոշվում են այնտեղ. «Բայց իրականում այդպես չէ, ընտրությունների  արդյունքները որոշվում են տեղերում կամ տարածքային ընտրական հանձնաժողովներում»:

Է. Մարուքյանը նշեց, որ այս ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ, եթե դու ունես անդամներ, ապա այդ անդամներով կարող ես պահպանել ՏԸՀ-ում ձայներ, իսկ եթե չունես, կամ նրանք ծախվել են՝  դա  քո խնդիրն է։  Նա նշեց, որ իրենք որտեղ մասնակցել են ընտրություններին՝  ունեցել են վստահված անձինք, եթե չեն ունեցել՝  չեն մասնակցել։

Է. Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի երեկվա ելույթին, որտեղ ՀՀԿ-ական  պատգամավորը խոսել էր իրենց կուսակցության մասին։

«Ինձ այստեղ զարմացնում է այն, որ  մեր հարգարժան գործընկերն այստեղ ելույթ էր ունենում… Նախ՝ մեր կուսակցության անունը «լուսավոր կետեր» չէ, «Լուսավոր Հայաստան» է, Ձեր շատ վատ տրամադրությունը չգիտեմ՝ որտեղից էր, քաղաքական մշակույթի տեսանկյունից ճիշտ եմ համարում, որ մենք իրար նկատմամբ հարգալից վերաբերվենք, որովհետև ես Հանրապետական կուսակցությանը երբեք չեմ ասում, ասենք, Հանրապետական կետեր։

Ասվում էր հետևյալը՝ «մի քաղաքում մի քանի ձայն եք տարել, բայց տեղեր կան՝ հարյուր ձայն եք տարել»՝ ինչ-որ հրճվանքով։ Ովքեր նման ոճով են խոսում ընտրությունների մասին, հետն էլ՝ այնպիսի մարդիկ, որ երբևէ  իրենց կյանքում նման ընտրակարգով ընտրություններին մասնակցած չկան, ես մի բան ունեմ  իրենց ասելու՝ դուք մի անգամ մի տեղ առաջադրվեք, ու բացի ձեր բարեկամները, ընկերներն ու ծանոթները՝ եթե 100  ձայն ավել կստանաք՝ առանց փող բաժանելու, կարուսել անելու,  նոր իրավունք կստանաք մարդկանց մասին խոսել, ովքեր այնպիսի միջավայրերում են առաջադրվել ու մասնակցել ընտրություններին, որտեղ ոչ մի կարգ ու կանոն չի աշխատում, և դա բոլորին հայտնի է»,- հայտարարեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս