«Որպես մասնագետներ՝ մենք դեմ չենք…». ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության մասին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո կարևոր պահ է ստեղծվել քաղաքական ուժերի համար։
Նա նշեց, որ, եթե քաղաքական ուժերն ուզում են որևէ փոփոխություն անել, ապա Վանաձորում դրա հնարավորությունը ստեղծվել է. «Այն քաղաքական ուժերը, որ անցել են այդ արգելքն ու ունեն ավագանու անդամներ, կարծում եմ՝ պետք է մի կողմ դնեն տարբեր հաշվարկներ, որոնք կապված են ապրիլյան ընտրությունների հետ, ու կարող են այդ փոփոխությունն անել»։
Մ. Մելքումյանը նկատեց, որ ոչ իշխանական քաղաքական ուժերն անցել են, ու իշխող քաղաքական ուժը միանձնյա չի որոշում՝ ով է նշանակվում քաղաքապետ. «Մի պահ է ստեղծվել, որ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ մի քայլի և փոփոխություն անել։ Դրա համար ԲՀԿ-ն հստակ ասել է, որ պատրաստ է միանալ ոչ իշխանական ուժերի միասնական կարծիքին, եթե դրա ռեալ նախապայմանները կան, կա կոնսոլիդացիա, ու սա կարող է հիմք հանդիսանալ՝ ապրիլյան ընտրություններից առաջ գնալու ու նման կոնսոլիդացիա ցույց տալու»։
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում ժողովուրդն իշխանությանը տվեց 30-33 տոկոս ձայներ.
«Ոչ իշխանական տարբեր մարդ-կուսակցություններ ապացուցեցին, որ ստանալ ժողովրդի ձայներ՝ առանց տեղական կառույցների, դատապարտված է, ու մարդը, որին անընդհատ ցույց են տալիս Հ1-ով, տարբեր ալիքներով, ասում էին՝ ռեյտինգը չգիտեմ՝ ինչքան է, եկավ ապացուցեց, որ դա քվե չի դառնում։ Կյանքը ցույց տվեց, որ ժողովուրդը ձայն է տալիս այն կուսակցություններին, որոնք ունեն կենսագրություն, գաղափարներ»։
Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և նախագահի ընտրության հարցին՝ Մ. Մելքումյանը նշեց, որ բոլորն էլ իրենց բնագավառներում մասնագիտական լուրջ գիտելիքներ ունեցող մարդիկ են, բայց, ըստ նրա, ԿԸՀ-ի անդամներից չէ կախված ընտրությունների ելքը.
«Մեր երկրում պետք է մթնոլորտի փոփոխություն լինի։ Որպես մասնագետներ՝ մենք դեմ չենք, մենք մեր կարծիքն ունենք, քվեարկությանը հավուր պատշաճի կմասնակցենք, բայց կարծում ենք՝ պետք է գնալ, ինստիտուտները կայացնելուն զուգահեռ, արմատական, խորքային փոփոխություններ անելու ճանապարհով»։