«Նեղանալ և նեղսրտել չկա». Սերժ Սարգսյանը՝ կառավարության անդամներին
ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին՝ պետական բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ` նրանց մաղթելով հաջողություն:
«Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Եվ աշխարհում, և մեր տարածաշրջանում, և Հայաստանում մարտահրավերի պակաս չկա:
Եվ ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևանները ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ, և շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում:
Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Իմ համոզումն է, և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների:
Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության և ընդհանրապես հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները:
Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը:
Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման մոդելի՝ փոխում է ոչ միայն՝ երկրի կառավարման մոդելը, այլ առաջին հերթին՝ հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ միգուցե մարդիկ ամբողջությամբ չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը Սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման ընտրանքը:
«Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք մենակ չեք լինելու:
Ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ, ձեզ սատարելու են, ձեզ աջակցելու են, ձեզ ոգևորելու են, քայլելու են նույն ուղղությամբ, բայց, ինչպես ասացի, շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի ժողովուրը:
«Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ բոլորը պետք է հասկանան, որ, երբ պետական պաշտոնի են անցնում, անձնականը պետք է մղեն երկրորդական պլան: Նա վստահություն հայտնեց, որ կառավարության անդամների ընտանիքների անդամները և ընկերները կհասկանան այս հանգամանքը.
«Մի´ վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը և ձեր ընտանիքի անդամների նկատմամբ, և ձեր ընտանիքի նկատմամբ, և, որ շատ կարևոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք:
Եղեք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերելու, վերաբերելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք շատ բան ունենք անելու, և այդ ճանապարհին մենք լինելու ենք հաստատակամ, մենք պետք է միայն առաջ գնանք, նայենք առաջ»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք է գտնել առաջ գնալու ուղիները. միասնական աշխատանքը բերելու է հաջողության: