Միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք. Անջեյ Կասպշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Դիտարկումից հետո նա հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին: ԶԼՄ հրապարակումները հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե վերաբերվում են այն փաստին, որ մոնիթորինգի ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում:
Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա: Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մոնիթորինգների արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակվում են»: