««Ուրարտուն» ձնագնդիկ է, որը գլորվելով՝ սկսում է մեծանալ՝ հավաքելով հովանավորներ, երկրպագուներ». Տիգրան Գյոկչյան
Հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջին Սուպերլիգայում: Որո՞նք են նորաստեղծ թիմի հետագա պլանները, ակնկալիքները, և ինչպիսի՞ն է թիմի մարզավիճակը: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի, թիմի ավագ Ամիրան Ամիրխանյանի և Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն անկեղծորեն նշում է, որ թիմը հարյուր տոկոսով պատրաստ չէ: Սակայն նա չի թերագնահատում թիմին: Վերջերս Վրաստանում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում տղաները լավ արդյունք են ցույց տվել և արդեն պատրաստ են առաջնությանը:
Ըստ Տիգրանի Գյոկչյանի՝ ստեղծվել է բավական հետաքրքիր թիմ, որը կարող է լավ արդյունք ցույց տալ: Թիմի միակ խնդիրը լեգեոնականների ժամանման հետ է կապված: Նրանք ուշ են միացել թիմին և դեռևս ամբողջովին թիմային խաղին հարմարվելու խնդիր ունեն: Ի դեպ, հայկական թիմը համալրել են երեք արտասահմանցի բասկետբոլիստներ:
«Տղաները ֆիզիկապես լավ պատրաստված են: Մեզ մնում է լուծել միայն տեխնիկական խնդիրները: Դեռևս չեմ կարող խոսել ակնկալիքների մասին, քանի որ առաջնությունը դեռ չի սկսվել»:
Տիգրան Գյոկչյանը նաև նշեց, որ ակնկալիքները դեռ հստակ չեն, քանի որ առաջնությունը դեռ չի սկսվել:
««Ուրարտուն» ձնագնդիկ է, որը գլորվելով՝ սկսում է մեծանալ՝ հավաքելով հովանավորներ, երկրպագուներ: Սա մեր հաջողությունն է»,- նշել է Տիգրան Գյոկչյանը:
Ըստ Տ. Գյոկչյանի՝ թիմը պետք է ամեն ինչ անի Հայաստանում բասկետբոլը զարգացնելու համար: Չկա ուժեղ հավաքական, եթե չունես ուժեղ ակումբներ;
«Հայկական այլ ակումբների մասին խոսելը դժվար է, քանի որ խաղացողները քիչ են: Երիտասարդները, տեսնելով, որ այս մարզաձևում չկա ապագա, չեն հետաքրքրվում դրանով: Սակայն, երբ տեսնեն «Ուրարտուն», շատերը ցանկություն կունենան դառնալ բասկետբոլիստ»:
Սիրարփի Աղաբաբյան