Վրաստանի նախագահն ահաբեկչություն է որակել պատգամավորի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:
Պատգամավորի ավտոմեքենան պայթել է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Պայթյունի պահին ավտոմեքանայում եղել են Թարգամաձեն եւ նրա վարորդը: Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ, լրջորեն տուժել են հինգ անցորդներ:
«Սա կրիմինալի պայքարն է հասարակության դեմ, կրիմինալի պայքարը՝ քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի գրոհն Է նորմալ քաղաքական ժողովրդավարական գործընթացի դեմ»,- ասել է Մարգվելաշվիլին երիտասարդության հետ կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում:
«Մենք կարող ենք նրանց ուղղակիորեն անվանել կրիմինալ տարրեր, որոնք, ցավոք, քաղաքական գործընթացը որպես միմյանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում»,- ասել է Մարգվելաշվիլին, որի ելույթը հեռարձակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ:
«Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին: