«Երբ մենք այստեղ ապրիլյան պատերազմ ենք անում, ընդդիմադիր թևը ներկայացնող կուսակցության նախագահը՝ օվկիանոսից այն կողմ, չգիտեմ՝ ինչ է անում». Հովհաննես Սահակյան

«Ես համամիտ եմ, որ ժողովրդին պետք է հանգիստ թողնեք, և շատ լավ է, որ բոլոր քաղաքական ուժերը հասկացան, որ պետք է ժողովրդին հանգիստ թողնեն»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով՝ «տեսախցիկային, Ազատության հրապարակային» քաղաքական գործիչների ժամանակն անցել է, միայն Ֆեյսբուքով և հրապարակային ելույթներով  քաղաքականության մեջ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար, հաջողություն չեն կարող ունենալ։

«Օրինակ, այս վերջին «լուսավոր կետերից», որ այսօր խոսում են, որ  մենք հաղթում ենք, ժողովրդի կողքին ենք, ժողովուրդը վստահում է… Օրինակ, Սիսիան համայնքում, երբ տեսնում ենք՝ նույն «լուսավոր կետերը» մասնակցել են, 7651 քվեարկությանը մասնակցած անձանցից հավաքել են 173 ձայն, Ալավերդիում 7385 քվեաթերթիկից ստացել են 129 ձայն։ Մենք համապետական ընտրությունների արդյունքում ունենալու ենք այլ ելույթներ,  որ՝ «մեր ձայները կեղծվեցին», և այլն, «տեսեք՝ մենք երրորդ խոշոր քաղաքում այսքան ձայն ենք հավաքել»։ Ինձ համար տարօրինակ է՝ երբ հաղթում են այդտեղ, որևէ կեղծիք չի եղել, երբ պարտվում են, ասում են՝ իշխանությունը վարչական ռեսուրսներ է մոբիլիզացրել»,- նշեց Հ. Սահակյանը։

Նա նաև անդադարձավ, իր խոսքով՝ «ամենաընդդիմադիր ուժին՝ ՀԱԿ-ին»՝ նշելով, որ Ախթալա համայնքում 641 ձայնով հաղթել է ՀՀԿ թեկնածուն, ՀԱԿ-ը՝ 111, նույնը՝ Աշոցքում. «Ազատության հրապարակի հետ կապված՝ պետք է ասեմ, իսկապես, մենք թույլ չենք տա, որ  Ազատության հրապարակին որևէ մեկը կպնի, իսկ այդ կպնելը ժողովրդին խաբելն է, հույսով անելն է, ժողովրդի առջև կանգնել խոստում տալը և ևս երկու ամիս կորելն է, երբ երկրում լուրջ գործընթացներ են գնում, երբ մենք այստեղ ապրիլյան պատերազմ ենք անում, ընդդիմադիր թևը ներկայացնող խմբակցության և կուսակցության նախագահը՝ օվկիանոսից այն կողմ, չգիտեմ՝ ինչ է անում։ Միայն Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ չի նշանակում, որ Ազատության հրապարակի տերը դուք եք»։

Տեսանյութեր

Լրահոս