Բաժիններ՝

«Ես հաստատապես հայտարարում եմ` ուսուցիչն ազգային արժեք է». Խաչիկ Ասրյան

Ազնվամեծա՛ր մանկավարժներ,

Ձեր արարչատու և սերնդապաշտ օրվա կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամների և անձամբ իմ անունից լիաբուռն ու ջերմաշունչ շնորհավորանքներս եմ հղում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, սերնդի զարկերակը ճիշտ և ամուր պահելու ազգային նպատակասլացություն, արդարության և ճշմարտության սերմնացանի վարպետություն, ձեր իմաստնությունը ապագայի խոսնակներին կտակելու ինքնաբուխ նվիրում:

Սուրբ է ձեր գործը, քանզի Աստված է ամենամեծ ուսուցիչը և մեր իմաստուն նախնիները ուսուցիչներին դասել են աստվածների շարքը՝ հաճախ սրբատեղի դարձնելով նրանց ննջավայրը, ինչպես պատմության քառուղիներից հայոց ոսկեղենիկ այբուբենը բազում տառապանքներով մեր մատյաններին պահ տված մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը:

Դուք տերն ու կրողն եք անցյալի մեր հոգևոր մեծ ժառանգության: Ձեր հերոսական պայքարի շնորհիվ է հայոց ազգը պահել իր ոգու արիությունն ու դիմադրել դարերի փորձությանը:

Ուղիղ քառորդ դար է, որ մենք` հայերս, մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան ենք կերտում, և թող երբեք չմարի ձեր ցանկությունը` ձեր սաներին տեսնելու հայրենատեր ու հայրենապաշտ, արդարամիտ ու օրինապահ, ճշտախոս ու ազնիվ քաղաքացի: Ես հաստատապես հայտարարում եմ. «Ուսուցիչն ազգային արժեք է»:

Հայն ունի երկու հավատք` Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում, հայաստանապա՛շտ մանկավարժներ:

Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս