Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ` տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Երախտագիտություն՝ այն կարեւոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում եւ դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Դրանով իսկ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:

Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ եւ իր ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները եւ իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա:

Կարեւորելով ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ պետությունը միշտ բարձր է գնահատում նրա աշխատանքը եւ հատուկ ուշադրության կենտրոնում պահում կրթության ու գիտության ոլորտում առկա խնդիրները, անում հնարավորը հայրենասեր, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու համար:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս