Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով անձին ազատությունից ապօրինի զրկելու համար

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ.հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայ-Ռուս (սլավոնական) համալսարանի մուտքի մոտ մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակը պահելով երիտասարդ աղջկա պարանոցին, շուրջ 30 րոպե նրան ապօրինի զրկել է ազատությունից։ Տղամարդն աղջկա նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է կանչել ոստիկանության աշխատակիցների: Դեպքի վայր ոստիկանների ժամանելուց հետո հաջողվել է քաղաքացիների հետ միասին վնասազերծել նրան։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ստեղծվել է քննչական խումբ։

Նույն օրը որոշում է կայացվել` աղջկան որպես տուժող ճանաչելու մասին։ Տղամարդը հոկտեմբերի 1-ին որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 4-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս