Բաժիններ՝

«Գյուղատնտեսության ոլորտում դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը». Իգնատի Առաքելյան

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր գյուղատնտեսության  առաջիկա և հեռանկարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով խորհրդակցություն է հրավիրել: Մասնակցել են նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.

«Գյուղատնտեսության ոլորտում պետությունն  իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք թեպետ որոշակի արդյունքներ տվել են, սակայն այսօր բավարար  չեն, և մենք ունենք մի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում, ուստի անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչև շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն: Գյուղացին  և վերամշակողն իրենց խնդիրների բեռով ամեն օր թակում են նախարարության դուռը, և մենք պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ` նրանց օգնության ձեռք մեկնելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով գործող հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման և իրացման խնդիրներին, առավել մատչելի պայմաններով վարկավորում ապահովել գյուղոլորտի համար: Հիմնադրամը կունենա նաև գյուղատնտեսական միավորումների կողմից ավել արտադրված և չիրացված արտադրանքի պետական երաշխիքով գնման և իրացման ֆինանսավորման գործառույթ, որը թույլ կտա արտադրող տնտեսություններին սպառել իրենց ավելցուկ արտադրանքը և ապահովել ֆինանսական կայունությունը:

Նախարարի տեղակալներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն մարզային գյուղատնտեսական զարգացման 5 տարվա ծրագրերի մշակմամբ:

Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել,  լրացուցիչ խթաններ ստեղծել, այդ թվում` պետական աջակցություն ցուցաբերել ներդրումների տեսքով, որպեսզի գյուղացին կարողանա ինքը դառնալ գյուղմթերքի վերամշակողը, ինչպես նաև՝ իրացման կազմակերպման հնարավորություններ ունենա:

Ըստ նախարարի՝ միջինացված հաշվարկով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբսիդավորման ծավալը պետք է լինի ընդհանուր արտադրված գյուղմթերքի ծավալի 10-15%-ը, որպեսզի կարողանանք այս ոլորտում ռեալ աճ և զարգացում արձանագրել, ուստի անհրաժեշտ է միջոցներ  ձեռնարկել ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ:

Քննարկվել են նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման,  բնակլիմայական աղետների վնասների հաշվարկման թափանցիկության ապահովման, վիճակագրության, նախարարության կառուցվածքային բարեփոխումների, աշխատանքի արդյունավետության ավելացման և այլ խնդիրներ,  պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս