Թրամփի հարկային հայտարարագրերը կարող են կանխորոշել ընտրությունների արդյունքը

Ամերիկյան ընտրողներն այսուհետ կարող են ավելի լավ տեղեկացված լինել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերի մասին, որոնք անանուն աղբյուրը փոխանցել է «Նյու Յորք Թայմս»-ին: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ դրանք բացահայտում են, որ Թրամփը 1995 թվականին հայտարարագրել է 916 միլիոն դոլարի կորուստ, որի շնորհիվ նա խուսափել է նույն չափի հարկեր վճարելուց հաջորդ տարիների ընթացքում:

Այս հարցն ակտիվորեն շոշափվել է անցած շաբաթվա Քլինտոն-Թրամփ բանավեճի ընթացքում:

Թրամփն ասել է. «Մեր երկիրը կարիք ունի նոր ճանապարհների, կամուրջների, դպրոցների, հիվանդանոցների: Եվ մենք փող չունենք, քանի որ վատնել ենք այն Ձեր գաղափարների վրա»: Դրան Քլինտոնն արձագանքել է. «Իսկ մի գուցե քանի որ Դուք տարիներ ի վեր խուսափել եք վճարել որևէ դաշնային եկամտահարկ»:

Թրամփի կողմնակիցները պաշտպանում են իրենց թեկնածուի որոշումը՝ չբացահայտելու իր հարկային հայտարագրերը: Ռուդի Ջուլիանին ասում է. «Այս մարդը 26 տարի առաջ ունեցել է անհաջողություններ, իսկ այնուհետև կարողացել է կառուցել մի կայսրություն: Նա հանճար է այս հարցում: Ամերիկային անհրաժեշտ են կտրուկ շրջադարձեր, իսկ Թրամփը դրանց մասնագետն է»:

Հիլարի Քլինտոնն արձագանքել է. «Ասեմ հետևյալը. եթե հարկերից խուսափելն իրեն խելացի է դարձնում, ապա ինչպիսի՞ն ենք մենք այդ դեպքում: Հավանաբար խուսափելով անգամ մի ցենտ դաշնային հարկ վճարելուց՝ նա օժանդակել է մեր զինվորներին կամ վետերաններին կամ դպրոցներին»:

Թայմսի հայթայթած փաստաթղթերում չկա որևէ անօրինական գործողություն Թրամփի կողմից: Բոլոր ամերիկացիները կարող են ֆինանսական կորուստները փոխհատուցել հարկերի միջոցով: Սակայն նախընտրական այս փուլում, երբ եկամուտների անհավասարությունն ու թափանցիկությունը դարձել են կարևոր խնդիրներ, Թրամփի հայտնի և անհայտ հարկային պատմությունները մեծ առավելություն են տալիս դեմոկրատներին:

Տեսանյութեր

Լրահոս