Բաժիններ՝

«Ես չեմ ժխտում, որ հետագայում, մասնավորապես՝ Գյումրիի և Վանաձորի համար, որոշակի տարբերություններ կուզենանք անել». Վաչե Տերտերյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով առաջարկում են օրենքների նախագծերի փաթեթ, որոնց ընդունումը պայմանավորված է վարչատարածքային բաժանման մասին օրենքում 2015 թվականի նոյեմբերին կատարված փոփոխությամբ։

Հիշեցնենք, որ այդ փոփոխության մեջ իրենք «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» հասկացությունները փոխարինել են «համայնք» հասկացությամբ, իսկ  հիմա ուղղակի համաձայնեցնում են արդեն իսկ գործող վարչատարածքային բաժանմանը։

Պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, թե ստացվում է, որ տեխնիկական բնույթ է կրում սա, բայց նաև փիլիսոփայություն կա՝ ապագային միտված. «Ապագայում ի՞նչ է սպասվելու համայնքային զարգացման առումով, և արդյոք համակարգային ինչ-որ այլ փոփոխություններ սպասվո՞ւմ են այդ իմաստով»։

Ի պատասխան՝ Վ. Տերտերյանն ասաց, որ այս պարագայում  համապատասխանեցման խնդիր է, բայց դրա մեջ նաև բովանդակություն կա. «Ձեր հարցադրումը մի փոքր խորքային է, որ բնակավայրերը պետք է ունենան զարգացման ուղղորդվածություն, և ինչքան էլ մենք ասենք՝ չկա քաղաք, չկա գյուղ, կա համայնք, այնուամենայնիվ, կա քաղաք, կա գյուղ։ Հիմա մենք այնումենայնիվ ունենք տեղական ինքնակառավարում, որը համայնքային մակարդակում  ունիֆիկացված է, բացառությամբ  Երևանի, մեծ տարբերություններ համայնքներում չունենք։

Ես չեմ ժխտում, որ մենք հետագայում, մասնավորապես՝ Գյումրիի և Վանաձորի համար, որոշակի տարբերություններ Սահմանադրության թույլատրելի սահմաններում կուզենանք անել։ Մենք բնակավայրերի զարգացան հեռանկարներում պետք է տեսնենք այդ բնակավայրերի ապագան։

Այսինքն՝ եթե մենք բնակավայրը զարգացնում ենք՝ դեպի քաղաքային մշակույթին, միջավայրին հարիր ուղղություններով, ապա, բնականաբար,  այդ քաղաքի զարգացումը կլինի քաղաքային, և ինչ-որ մի ժամանակ  վստահաբար իրեն կասենք՝ քաղաք։ Եթե այդ բնակավայրը կզարգանա հատկապես գյուղատնտեսական ոլորտի ուղղությամբ և կունենա գյուղատնտեսական ծանրաբեռնվածություն,  ապա դրան գյուղ կանվանենք։ Հիմա դեռևս քաղաք-գյուղից չեն հրաժարվել։ Ապագան պետք է  տեսնել իրենց քառամյա, հնգամյա զարգացման ծրագրերում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս