«ՀՀ իշխանությունները չցանկացան վիրավորել Մոսկվային՝ տեղափոխելով Նալբանդյանին». Կայծ Մինասյան

«Սերժ Սարգսյանը փորձում է հավասարակշռություն պահել իր կաբինետում՝ նշանակելով Վիգեն Սարգսյանին՝ պաշտպանության, իսկ Էդվարդ Նալբանդյանին՝ արտաքին գործերի նախարարների պաշտոններում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարարի փոփոխությանն ու ՀՀ Արտաքին գործերի նախարարի վերանշանակմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է։

Կայծ Մինասյանը փորձեց բացատրել, թե ինչու այս երկու գերատեսչություններում ՀՀ նախագահն ու ՀՀ նորանշակ վարչապետը որոշեցին նման փոփոխություններ կատարել։ Ֆրանսաբնակ փորձագետն ասաց, որ այս նշանակումները սպասելի էին։ Ավելին, նրա համոզմամբ, թեև Նալբանդյանի վարած քաղաքականության նկատմամբ շատ են բողոքներն ու դժգոհությունները, նրա վերանշանակումն իր բացատրությունն ունի։ Առաջին պատճառը, ըստ Մինասյանի, թե ինչու Նալբանդյանը վերանշանակվեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում, հետևյալն է՝ Նալբանդյանի վերանշանակումը կարելի է դրական համարել այն տեսանկյունից, որ նա լավատեղյակ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս բանակցությունների բովանդակությանը, զարգացումներին։

«Սեյրան Օհանյանի համար, կարծեմ, այլ պաշտոն կա։ Վիգեն Սարգսյանի նշանակումը, ով ևս լավատեղյակ է բանակցություններին, ինչ-որ ներքին մրցակցություն է առաջացնելու Նալբանդյանի և Սարգսյանի միջև, կարելի է ասել՝ նույնիսկ հավասարակշռություն, որովհետև նրանք դիվանագիտության տարբեր թևերի են հարում։ Չմոռանանք, որ Ռուսաստանը բավականին մեծ ազդեցություն ունի Հայաստանի նկատմամբ, և, թերևս, ՀՀ իշխանությունները չցանկացան վիրավորել Մոսկվային՝ տեղափոխելով Նալբանդյանին։

Կարապետյանը ցանկանում է քաղաքական կյանքում հավասարակշռություն պահպանել, ուստի կարիք ունի, որպեսզի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ԱԺ-ի գլխավոր ուժը լինի, քանի որ, եթե ինքը ցանկանում է, որ իր օրենքները և քաղաքականությունը վավերացվեն, ընդունվեն քաղաքական կյանքում, պետք է որ մեծամասնությունն իր կողքին լինի՝ առանց որևէ խոչընդոտի։ Այդ պատճառով է, որ նա չցանկացավ փոխել այդ երկու կարևոր նախարարությունների անունները, որպեսզի մեծ ճգնաժամ չստեղծվի ՀՀԿ-ում՝ հասկանալով, որ ընտրություններն են առջևում։ Սփյուռքի նախարարի վերանշանակումը ևս կապված է ՀՀԿ ներքին հավասարակշռությունների հետ»,- նման կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ Նալբանդյանը կոշտ, զուտ ավանդական դիվանագիտության, սովետական դպրոցի կրողն է, նա գլոբալ դիվանագետ չէ։ «Բայց Ալիևի դիմաց այդ կոշտությունն օգտակար է։ Ես չեմ պնդում, թե օգտակար է ՀՀ դիվանագիտության համար ընդհանուր առմամբ, բայց գոնե Ղարաբաղի հարցի շուրջ այդ կոշտությունն օգտակար է, քանի որ տեսանք, որ ինչ-որ տեղ ոչինչ չզիջեցինք ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում։ Թերևս, այդ դիմադրության հարցում Նալբանդյանն իր պատասխանատվության բաժինն ունի։ Բայց դա բավարար չէ, չի կարելի ՀՀ դիվանագիտությունը սահմանափակել Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի բացման հարցերով։ Դա ամոթ է։ Վիգեն Սարգսյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, Կարապետյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, բայց Նալբանդյանը՝ ոչ։ Չմոռանանք, որ 2008թ. ճգնաժամը կապված էր արտաքին քաղաքականության հետ, ռուսները ցանկանում էին բոլոր լծակներն առնել իրենց վերահսկողության տակ, խոսքը թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական լծակների մասին է, մտածում էին՝ ինչպե՞ս Նալբանդյանի համար տեղ պատրաստեն։ Սա է իրականությունը։ Այսինքն՝ երբ Նալբանդյանը նշանակվեց ԱԳ նախարարի պաշտոնում, պարզ էր, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է լիներ Ռուսաստանի շարունակությունը Կովկասում։ Այնինչ Հայաստանը բոլոր հարցերում գլոբալ մոտեցման կարիք ունի, որը Նալբանդյանը չունի, դժբախտաբար։ Բայց Սերժ Սարգսյանը ցանկացավ հավասարակշռություն պահել՝ Վիգեն Սարգսյանին նշանակելով պաշտպանության նախարարի պաշտոնում. պաշտպանության նոր նախարարը զինվորական չէ, նա քաղաքական անձ է, և, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը նոր հանգրվանի մեջ է, Վիգեն Սարգսյանի, ով գլոբալ մոտեցում ունի, Նալբանդյանի, ով ավանդական, իրատես մոտեցում ունի, նշանակմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձում է հավասարակշռությունը պահել իր կաբինետում»,- նման տեսակետ հայտնեց ֆրանսաբնակ վերլուծաբան Կայծ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս