Բաժիններ՝

«Հասմիկ Պողոսյանը՝ Օպերային թատրոնո՞ւմ… Ներեցեք՝ No comment». Կարինե Խոդիկյան

Մշակութային քաղաքականության, դրա հետևանքների թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսներ արձակագիր Գուրգեն Խանջյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն անդրադարձ կատարեցին նաև վերջերս 168.am-ում տպագրված՝ ««Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ ասաց՝ կմտածենք, թե ինչպես կարելի է իմ փորձը և հմտություններն օգտագործել». Հասմիկ Պապյանը՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում չնշանակվելու մասին» հրապարակմանը, որը հասարակական լայն քննարկումների առիթ էր դարձել:

Ասուլիսի բանախոսներից և ոչ մեկը չի կարողանում Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին պատկերացնել Օպերային թատրոնում՝ տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:

«Ես այս ամենին տեղյակ եմ, մամուլից տեղեկացա նաև, որ Օպերային թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը հայտարարել էր, թե իր զբաղվածությունն այնքան մեծ է, որ չի կարողանում մասնակից դառնալ թատրոնի ամենօրյա աշխատանքներին: Ես շատ եմ հարգում Օրբելյան-կրտսերի վաստակը, բայց ուզում եմ, որ գեղարվեստական ղեկավարն առավոտյան ներկայանա աշխատանքի և գիշերը՝ բոլորից ամենավերջում, դուրս գա թատրոնից: Սա իմ կարծիքն է: Ցանկացած մեծության հրավիրեք Օպերային թատրոն, և նա այնտեղ ներկայանա 4 ամսում միայն 4 անգամ… նման բան գոյություն չունի»,- ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Ասուլիսավարի դիտարկմանը, թե սա հատուկ մտածված ծրագիր էր, որը մի օր հանգուցալուծվելու է այնքանով, որ Օրբելյան-կրտսերը՝ պատճառաբանելով գերզբաղվածությունը, հայտարարելու է Օպերային թատրոնից հեռանալու մասին, և այդ կամ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում կարող է հայտնվել, օրինակ՝ Հասմիկ Պողոսյանը, Կարինե Խոդիկյանն արձագանքեց. «Հասմիկ Պողոսյանը՝ Օպերային թատրոնո՞ւմ… Ներեցեք՝ no comment»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով թեմային՝ ասուլիսին մասնակից, բանախոս դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը ևս հակիրճ գտնվեց.

«Մենք արդեն տեսանք, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչեր արեց Հասմիկ Պողոսյանը Մշակույթի նախարարությունում, ուրեմն նրան այնտեղ նշանակողների համար պետք է նախապես պարզ լինի, թե ինչե՞ր կարելի է ակնկալել նրա ներկայությունից՝ այս անգամ արդեն՝ Օպերային թատրոնում…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս