Բաժիններ՝

Ի՞նչ են սպասում Գուրգեն Խանջյանը, Կարինե Խոդիկյանը և Կարինե Ջանջուղազյանը Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն արձակագիր Գուրգեն Խանջյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, խոսելով մշակութային քաղաքականության, այդ քաղաքականության հետևանքների ու հասարակական կյանքում դրանց արտացոլումների վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, անդրադարձ կատարեցին նաև նորանշանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից իրենց սպասելիքներին:

Պարզվում է՝ արձակագիր Գուրգեն Խանջյանը, եթե նույնիսկ հնարավորություն ունենա հանդիպելու նորանշանակ նախարարին, որևէ հարց չի բարձրացնի.

«Մեծ մասամբ դրանք ընդհանուր մակերեսային հարցեր են, իրական խնդիրները շատ ավելի խորն են: Առհասարակ մշակույթի դերն ամբողջ աշխարհում է սկսել անկում ապրել: Լավ երաժշտություն այլևս չի գրվում ամբողջ աշխարհում: Մենք սրա պատճառները խորապես ուսումնասիրելու կարիք ունենք, և նոր միայն կարողանանք հարցեր կամ մեղադրանքներ բարձրացնենք աջ ու ձախ»:

«Ես պատկերացնում եմ, որ Արմեն Ամիրյանը, մտնելով աշխատասենյակ, այնպիսի սպասելի և անսպասելի հարցերի է բախվել, որ նրան առաջին հերթին ժամանակ է պետք՝ պարզապես մթնոլորտը զգալու և հասկանալու համար: Մեկ հարցով ոչինչ չի լուծվելու: Ես միշտ ասում եմ ՝փոքր երկիր ենք, ավելի քան փոքր ժողովուրդ ենք, մեր ամբիցիաները շատ մեծ են, և այստեղից է գալիս հաճախ մեր սրտի և մտքի կռիվը: Նախ և առաջ՝ եկեք նկատի ունենանք մեր հնարավորությունները, հասկանանք՝ ի՞նչ ունենք և ինչի՞ ենք ընդունակ՝ մեր ներքին և վերին սանդղակը ճշտենք, և նոր միայն պահանջներ առաջադրենք ինքներս մեզ, հետո նաև՝ նախարարին»,- հորդորում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Կարդացեք նաև

Նախարարությունն առաջին հերթին՝ խնդիր ունի ճիշտ կողմնորոշվելու, շեշտում է Կարինե Խոդիկյանը.

«Այսպիսի ճշմարտություն կա՝ լավագույն արվեստագետն ինքը երբեք չի գնում ծեծելու նախարարության դուռը, հավատացեք: Նախարարության խնդիրը պետք է լինի՝ իսկական, ճշմարիտ արվեստագետներին գտնել ու նրանց դուռը գնալ: Նկատի ունեմ՝ պետությունն ինքը պետք է դառնա ամենամեծ պատվիրատուն, իսկ «պատվերն» իրականում միշտ չէ, որ պետք է վատ իմաստով հասկանալ: Այստեղ խնդիրը հետևյալումն է՝ նայած թե դու ո՞ւմ, ի՞նչ և ի՞նչ հեռանկարով ես պատվիրում: Այս պաշտոնում հայտնված մարդը պետք է գիտակցի, որ իր աշխատանքը պահանջում է երկարատև և հեռանկարային ջանքեր»:

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը գտնում է. «Ո´չ ավել, ո´չ պակաս, Մշակույթի նախարարությունում գոնե պետք է որ մշակույթի բացակայությունը չլինի, սկսենք այստեղից: Մշակույթի նախարարությունը միայն փող բաժանող հիմնարկ չէ: Երբեմն մշակույթը նաև վերահսկող և վերակառուցող կառույց է, իսկ ընդհանուր առմամբ՝ այս պահին մեր մշակույթն այսօր այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ պարոն Ամիրյանը՝ որպես նորանշանակ նախարար, անկասկած, իր ուսերին մեծ բեռ ու պատասխանատվություն է ստանձնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս