Բաժիններ՝

Ով է Յուրի Խաչատուրովը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Ներկայացնում ենք Խաչատուրովի կենսագրությունը:

Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի ԽՍՀ Տետրի-Ցկարո քաղաքում:

1969թ. Տետրի-Ցկարոյի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանը, որը գերազանցությամբ ավարտել է 1974թ.:

Ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է հեռավոր արևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին:

1976-1982թ.թ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:

1982թ. օգոստոսից մինչև 1985թ. հունիսը եղել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:

Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո նշանակվել է Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին:

1987թ.-ից մինչև 1989թ. փետրվարը ծառայել է Աֆղանստանում` 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում:

1989թ. հոկտեմբերին Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին:

1992թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին:

Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին:

1992թ. սեպտեմբերին նշանակվել է սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները:

Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները:

ՀՀ նախագահի 2000թ. մարտի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին:

ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում, 2000թ.` «գեներալ-լեյտենանտ», 2008թ. ապրիլի 15-ին` «գեներալ-գնդապետ»:

ՀՀ Նախագահի` 2009թ.-ի հունվարի 31-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Աֆղանստանում ծառայության ընթացքում պարգևատրվել է «Կարմիր Աստղ» երկու շքանշաններով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշանով, աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշաններով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով:

Պարգևատրվել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար», ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս