Բաժիններ՝

Դիտորդը Գյումրու ընտրատեղամասում արձանագրել է կոտրված կապարակնիքով քվեատուփ

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների՝ «Ֆոտոն» վարժարանում տեղակայված թիվ 34/08 ընտրատեղամասում «Ռեալ Էլեքշն» կազմակերպության դիտորդն արձանագրել է քվեատուփի կոտրված կափարակնիք:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց դիտորդը՝ Լուսինե Հայրապետյանը, ինքը տեղամաս է եկել դրա բացվելուց մոտ մեկ և կես ժամ անց, երբ արդեն ստուգված էր քվեատուփը, և խախտման մասին պարզել է պատահական: «Նստած էի քվեատուփի մոտ, երբ պատահական ձեռքս կպավ քվեատուփին և տեսա, որ տուփի կափարիչը շատ հեշտությամբ բացվում է: Բնականաբար, արագ կանչեցի հանձնաժողովի նախագահին, խնդրեցի, որ մատյանում գրանցեն այդ ամենը: Դժվարությամբ, բայց այդ խախտումն արձանագրվեց, որից հետո քվեատուփը հատուկ կնքված թղթերով փակվեց: Հիմա արդեն քվեատուփը փակ է, բայց մի քանի ժամ, փաստորեն այն բաց է եղել»,­- նշեց դիտորդը:

«Արմենպրես»-­ի հետ զրույցի ժամանակ տեղամասի նախագահն ևս հաստատեց այդ փաստը: «Առավոտյան մենք չէինք նկատել, որ այն կոտրված է եղել՝ դրոշմակնքել ենք, դիտորդներն ու վստահված անձիք տեսել են, որ արկղը դատարկ է եղել: Ավելի ուշ «Ռեալ Էլեքշն» կազմակերպության դիտորդը նկատեց»,-­ նշեց տեղամասի նախագահ Թագուհի Կոստանյանը:

Ի դեպ, այն, որ առավոտյան քվեատուփը դատարկ է եկել, վստահեցրին նաև մի քանի դիտորդներ ու վստահված անձինք։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս