Բաժիններ՝

«Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ ասաց՝ կմտածենք, թե ինչպես կարելի է իմ փորձը և հմտությունները օգտագործել». Հասմիկ Պապյանը օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում չնշանակվելու մասին

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս մի շարք խնդիրների, անդրադարձ է կատարել նաև սեփական ընկալմամբ՝ մշակույթի ոլորտում մինչև այսօր եղած ամենամեծ փանջունիությանը, որը մոտավորապես նման ձևակերպում է ունեցել. «Փանջունիություն չէ՞, երբ Հասմիկ Պապյան հրաշք երգչուհին համաձայնում է՝ իրեն նշանակեն Օպերայի գեղարվեստական ղեկավար, ասում, որ այն կբարձրացնի… նախագահը նրան ընդունում է, հավանություն է տալիս, հետո հանկարծ հրաժարվում է, որովհետև Արմեն Սմբատյանի տղային ուզում են տեղավորել։ Այսինքն՝ խնամի-ծանոթ-բարեկամ են խաղում։ Բավական է, էլի՛… Արվեստում ի՞նչ կարևոր է կուսակցականությունը»։

Այն, որ նմանօրինակ իրավիճակ իսկապես եղել է՝ 168.am-ը տեղեկացել էր դեռևս վաղուց: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարի՝ Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահից հետո, վերոհիշյալ պաշտոնում աշխատելու համար առաջադրվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը: Թերևս դժվար կլիներ պատկերացնել առավել արժանահավատ մեկի ներկայությունն այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերում, այնուամենայնիվ պարզվում է՝ եղել է նման երևակայությամբ օժտված պետական քաղաքական գործիչ, ում նաև երկար տարիներ վերապահվել է՝ ղեկավարելու մշակութային գերատեսչությունը: Արդեն նախկին դարձած նախարարուհի Հասմիկ Պողոսյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմեր նվաճած և փայլած դիցուհուն առաջարկում է.

«Մենք կմտածենք, թե ինչպե՞ս կարելի է Ձեր փորձը և հմտություններն օգտագործել»: Բարեբախտաբար, տիկին Պողոսյանն արդեն անցյալում է և մտածելու շատ բան ունի՝ ժամանակ՝ առավել ևս: Եվ եթե հաշվի առնենք մամուլում շրջանառված լուրերն այն մասին, թե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամենաազդեցիկ պաշտոնները պահված են վերոհիշյալ տիկնոջ համար, ապա դժվար չէ կռահել, որ վերջինս ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել իրականությունը, որն է՝ համաշխարհային մեծության գերաստղի ներկայությունը մի թատրոնում, ուր նախատեսում է գործունեություն ծավալել նաև ինքը:

Ինչևէ, 168.am-ը կապ հաստատեց օպերային երգչուհու հետ՝ պարզելու՝ ինչպե՞ս են իրականում տեղի ունեցել դեպքի հետ կապված զարգացումները.

– Տիկին Պապյան, օրերս հայտնի ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում վրդովմունք էր հայտնել, իր ձևակերպմամբ ՝ մշակույթի ոլորտում մինչև այսօր եղած ամենամեծ փանջունիության վերաբերյալ, որն անմիջականորեն առնչվում էր Ձեր անձի հետ: Իսկապե՞ս եղել է նման իրավիճակ, երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում կարելի էր տեսնել Ձեզ:

– Այո: Դա Գեղամ Գրիգորյանի հեռացումից հետո էր: Ինձ այնտեղ որպես գեղարվեստական ղեկավար տեսնելու ցանկություն էին հայտնել Օպերայի մեներգիչները:

– Եվ Դուք պատրա՞ստ էիք ստանձնելու գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

– Ես մտածեցի, որ կարող եմ իրենց օգնել, որպեսզի վերջապես բեմ բարձրանան, որովհետև կան երգիչներ, որոնք, արդեն 25 տարի է՝ դեռ սպասում են իրենց բեմելին: Արդեն թոշակի գնալու ժամանակը մոտենում է… բայց թատրոնը խաղացանկ չունի, սրա մասին է հարկավոր հոգ տանել: Իրենք դիմել էին նախկին նախարարին, ես տվել էի իմ համաձայնությունը, հետո ասացին, որ որոշումն արդեն ընդունված է, ունեն թեկնածու և չեն կարող անիվը ետ պտտել, ինչը կարող եմ հասկանալ…

– Դուք ունեի՞ք կոնկրետ մշակված ծրագիր, թե ինչպես է պետք կյանքի կոչել Օպերային թատրոնում Ձեր մտահղացումները:

– Ես կոնկրետ ծրագիր որևէ մեկին չեմ ներկայացրել, բայց, անշուշտ, ունեմ իմ պատկերացումները, թե ինչպես կարելի է թատրոնը ներսից զարգացնել…

– Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կամ ի՞նչ բառերով են մերժել Ձեր թեկնածությունը, տիկին Պապյան:

– Մերժում՝ որպես այդպիսին, չի եղել: Ստացվեց այնպես, որ երգիչներն ուշացան իրենց առաջարկով… Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ ասաց՝ կմտածենք, թե ինչպես կարելի է իմ փորձը և հմտությունները օգտագործել: Դե՛, հասկանալի է, որ դա ուղղակի կացությունը հարթելու միջոց էր, ոչ ավելին: Մի մոռացեք, որ այս որոշումն ինձ համար դյուրին չէր լինելու, ես պետք է Հայաստան տեղափոխվեի, ինձ հետ՝ նաև աղջիկս, թողնեի ընտանիքս, և այլն… Ուրեմն ամեն ինչ ճիշտ է… Համենայն դեպս՝ իմ կողմից դա զոհաբերություն էր լինելու…

– Իսկ ինչո՞ւ, ի վերջո, չստացվեց համագործակցությունը, տիկին Պապյան, ի՞նչ եք կարծում:

– Մի բան կարող եմ ասել միայն՝ Հայաստանում, գրեթե բոլոր ոլորտներում, վախենում են արհեստավարժ մասնագետների ներկայությունից: Խոսքն իմ մասին չէ: Սա շատ մեծ արգելակում է առաջացնում առաջխաղացման գործընթացում… Պարզապես պատուհանները պետք է բաց անել, որ թարմ օդ գա: Նորերը պիտի գան՝ նոր եռանդով, գիտելիքներով, մտքի թռիչքով, ասելիքով, թե չէ…

Հ.Գ. Ինչևէ, մեզ մնում է արձանագրել միայն՝ ունենք այն, ինչ ունենք՝ Օպերային թատրոնը նախկինի պես մնում է այնպիսին, ինչպիսին կար արդեն երկար տարիներ: Դեռևս նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի վկայությամբ՝ թատրոնում պատկերն անմխիթար էր, նա գալիս էր նոր շունչ հաղորդելու երկար տարիներ ոչինչ չարված մի թատրոնի, որտեղ շատ սխալներ կային ուղղելու՝ սկսած երկար տարիներ չբեմադրված ներկայացումներից, չթարմացված խաղացանկից՝ մինչև տեխնիկական բնույթի խնդիրները: Թե սեփական ծրագրերից որքա՞նը հաջողվեց իրականություն դարձնել լուսահոգի օպերային երգչին, կամ թե, ավելի ճշգրիտ՝ ինչո՞ւ նրան այնուամենայնիվ չհաջողվեց դրանք իրականացնել, այլ քննարկման թեմա է՝ ոչ պակաս ցավալի երանգներով:

Աշխարհահռչակ օպերային դիցուհին շարունակում է իր փայլուն ստեղծագործական ուղին հեռավոր Եվրոպայում՝ իր ներկայությամբ պարբերաբար հայրենիքում մեծ ուրախություն և հպարտության զգացողություններ պարգևելով իր արվեստին սպասող ու սիրող երկրպագուներին, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվեց Կոնստանտին Օրբելյան-կրտսերը:

168.am-ին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ Օպերային թատրոնի «փրկության ծրագիրը» ստանձնած գեղարվեստական ղեկավարին, սակայն, նշանակման օրվանից ի վեր թատրոնում տեսել են հաշված անգամներ միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս