Բաժիններ՝

Պեսկովն «անշնորհք» է անվանել Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «անշնորհք» է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։

«Մենք օրենքով ունենք հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են ահաբեկչության դեմ պայքարով, և նրանք դրանով զբաղվում են մշտական հիմունքով։ Եվ ոչ թե հատվածաբար, այլ մշտապես»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե կուժեղացնի արդյոք Մոսկվան անվտանգության միջոցառումները՝ կապված Քիրբիի հայտարարության հետ։

«Ինչ վերաբերում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի որոշ արտահայտություններին, ապա դրանք բավական անշնորհք են»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
Սեպտեմբերի 28-ին Քիրբին քննադատել է Մոսկվային Դամասկոսին աջակցելու և Սիրիայի վրա հարձակվելու համար։

«Հետևանքներն այնպիսին են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի, ծայրահեղականները, ծայրահեղական խմբերը շարունակում են օգտվել Սիրիայում առկա իշխանական վակուումից՝ իրենց գործողությունները ընդլայնելու համար, որոնք, անկասկած, ներառելու են հարվածներ ռուսական շահերին, հնարավոր է, անգամ ռուսական քաղաքներին։

Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել իր զինվորականներին՝ պարկերի մեջ, և նրանք (ռուսաստանցիները) կշարունակեն կորցնել ռեսուրսներ, հնարավոր է, անգամ՝ ինքնաթիռներ»,- հայտարարել է Քիրբին՝ պատասխանելով Սիրիայում բռնության շարունակության դեպքում հետևանքների մասին հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս