Ադրբեջանում այսօր «լռության օր» է հայտարարվել
Ադրբեջանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին երկրում կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախորդ օրը, «լռության օր» է հայտարարված, գրում է trend.az-ը:
Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության նախորդ և քվեարկության օրը արգելվում է կատարել նախընտրական քարոզարշավ:
Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 3-ին և ավարտվել սեպտեմբերի 25-ին՝ ժ. 08:00-ին:
Հանրաքվեի անցկացման պատճառով ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանի ոստիկանությունը անցել է աշխատանքային ուժեղացված ռեժիմի:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները: Համաձայն փոփոխությունների նախագծի՝ երկրի ղեկավարը կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին։
Երկրի ղեկավարի արտահերթ հեռանալու դեպքում առաջարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը 3 ամսից սահմանել մինչև 60 օր։
Փոփոխությունները նախատեսում են նախագահի կողմից խորհրդարանը ցրելու մասին դրույթ, թույլատրվում է 18 տարին լրացած անձանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ներկայումս խորհրդարանում կարող է հայտնվել 25 տարեկանը լրացած անձը։