Բաժիններ՝

Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2016 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը հրավիրում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին։ Այս մասին այսօր հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը, Փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն անդրադառնալով փառատոնի ընթացքում կազմակերպվող «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովին՝ տեղեկացրեց, որ մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտում և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը՝ Հաղպատի վանական համալիրում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը, ով նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ և մանրամասնեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակները. «Մեր գլխավոր նպատակը Կոմիտասի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է, բայց և ոչ միայն Կոմիստասի: Քանի որ Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ուրեմն նա նաև ողջ կոմպոզիտորական դպրոցի ճակատի անունն է, և նրա հետևից պիտի քայլի ամբողջ կոմպոզիտորական դպրոցը նույնպես: Այս տարի առավել ընդլայնել ենք կոմպոզիտորական շրջանակները՝ նկատի ունենալով Կոմիտասի ժամանակակից եվրոպական երաժշտական մշակույթը նույնպես, որովհետև Կոմիտասը նեղ ազգային երևույթ չէ: Նրա թողած ժառանգությունը շատ հանգիստ տեղավորվում է իր ժամանակի համաշխարհային ամենաառաջադեմ երաժշտական դրսևորումների շարքում»:

Բանախոսի մեկնաբանությամբ՝ գիտաժողովը նույնպես սոսկ Կոմիտասին չէ նվիրված, այն ունի խորագիր՝ «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը». «Հայտնի բան է, որ Կոմիտասի երաժշտագիտական մեկնաբանությունները միայն ժողովրդական արվեստի շրջանակներում չէր, այլ ընդգրկելով ավելի շատ միջնադարը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ նա իրեն խազագետ էր անվանում, ուրեմն միջնադարագիտությունը նրա գիտական հետաքրքրությունների առանցքում էր: Իր ժամանակին միջազգային երաժշտական ընկերությունում հենց Կոմիտասն էր, որ համարվում էր լավագույն գիտակը, և իրեն էին դիմում շատ հարցերով: Մենք միայն ազգայինի շրջանակներում չենք կարող տեղավորել Կոմիտասին և հայ երաժշտությունը: Մենք համաշխարհային մշակույթի մաս կազմող ժողովուրդ ենք, այդպիսի մշակույթ ստեղծել ենք, և այդ մշակույթն իր տեղում պետք է լինի»:

Կարդացեք նաև

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, իր խոսքը սկսեց Կոմիտասի մեծարմամբ. «Որքան փայփայենք և մեծարենք Կոմիտասին, այնքան մեր պատիվն է, որովհետև Կոմիտասը մեր պարծանքն է: Որքան շատ լինեն Կոմիտասի անունը կրող որակյալ միջոցառումներն ու անդրադարձները, սա, անկասկած, նույնպես մեր պատիվն է, որովհետև ինքը հավատարիմ մնաց իր ժողովրդի էությանը: Նա ընդարձակ դաշտից հավաքեց միայն այն ծաղիկները, որոնք զուտ հայկական էին: Ես պետք է ցավ հայտնեմ, որ այսօր մենք ականատես ենք լինում կոմիտասյան անհաջող մշակումների, և այս գիտաժողովն անպայման պետք է անդրադառնա դրան: Ես դեմ չեմ մշակումներին, բայց դրանք անպայման պետք է լինեն որակով և արժեքավոր՝ իրեն համապատասխան: Ցավոք, ես հակառակն եմ տեսնում: Եվ հիմա շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի առիթ, որով կարող ենք անդրադառնալ և մեծարել մեր մեծ Կոմիտասին, ով համաշխարհային երևույթ էր»:

Ասուլիսի մասնակից, փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը շեշտում է. «Ես ուրախ եմ, որ այս փառատոնի ընթացքում պետք է հնչեն մեր լավագույն երգչախմբային կոլեկտիվների կատարմամբ ոչ միայն՝ Կոմիտաս, այլ նաև՝ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կարծում եմ՝ այդ երեկոների զարդերից մեկը պետք է լինի մեր ակադեմիական կապելան՝ ղեկավարությամբ արդեն լեգենդ դարձած Հովհաննես Չեքիջյանի: Մեծ նշանակություն եմ տալիս այս միջազգային գիտաժողովին՝ ոչ միայն ներկայացնելով Կոմիտասին՝ որպես հայ ժողովրդի սիմվոլ, այլ նաև օտարները գիտաժողովի ընթացքում պետք է կարողանան իրենց մեկնությունը տալ՝ ինչպես են հասկանում և ինչպես են պատկերացնում Կոմիտաս արվեստագետին, ազգագրագետին, խմբավարին, մանկավարժին ու երգչին»:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանի կարծիքով՝ խոշոր ձեռքբերում է այն հանգամանքը, որ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը կարճ ժամանակում ձեռք բերեց միջազգային ստատուս՝ վստահ քայլելով Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ:

Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնը հյուրընկալելու է կատարողների Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից։ «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, ինչպես նաև միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից։ Աջակիցներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս