«3 «Ջիփ», 3 առանձնատուն և 3 սիրուհի պետք չէ ունենալ». Հրաչ Բերբերյանի հորդորն օլիգարխներին

168.am-ի հարցը՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին

– Պարոն Բերբերյան, կաթի փոշին էժան գներով բերում են Հայաստան այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելել էր դրա օգտագործումը, որովհետև վտանգավոր է առողջության համար, ու օգտագործում են կաթնամթերքի արտադրությունում. այս խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում։ Նաև վերջերս նշել էիք, որ գյուղացուց էժան գնով միջնորդները կաթ են գնում ու հանձնում գործարաններին. այս խնդիրը որքա՞ն ժամանակ է կա ու  ինչպե՞ս պետք է կարգավորվի։

– Երկու տարի ահազանգում ենք, որ մենաշնորհային գաղափարն է աշխատում, այսինքն՝ գործարանները կանգնած են հետևում, միջնորդները գնում են գյուղերը, էժան կաթը ձեռք են բերում. 3.5% յուղայնությամբ կաթի մեկ լիտրը 100 դրամով ձեռք բերելով՝ խանութում վաճառում են 350-400 դրամով։ 6-7 կգ կաթից, եթե կաթի փոշի չեն խառնել, 1 կգ պանիր է ստացվում։ Այսինքն՝ 700 դրամ կաթի գումար են վճարում, ու ինչպե՞ս է լինում, որ այդ պանիրը հետո դառնում է 2800 դրամ, այն էլ՝ այն դեպքում, երբ հետո պարզվում է, որ պանրի մեջ կեսը կաթի փոշի է խառնված։ Եթե կաթը նոսրացվում է, ուրեմն գյուղացու մեկ լիտր կաթը խանութում դառնում է 800 դրամ. գերշահույթը նայեք։ Պարենի անվտանգությունն էլ աչքերը փակում է։ Հարյուր անգամ ասել ենք՝ գոնե նշեք, որ կեսը կաթի փոշի է, բայց ինքնահոսի թողնված վիճակ է։ Մեր թշնամի երկիրն էլ ուրախանում է, որ մենք հորմոններով հագեցած հավի միս ենք ուտում։ Եթե այսպես շարունակենք, նոյեմբեր ամսից շուկայում կհայտնվի ՌԴ-ի հավկիթը։ Որովհետև այնտեղ ինքնարժեքն էժան է, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, թանկ է։

Հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց այդպիսի բաներով պետք է զբաղվի, թե ոնց է լինում, որ, եթե նորմատիվը 3.5  կերամիավորից պետք է ստանա 1 կգ քաշը, 10 կերամիավորից է ստանում։ Թռչնաբուծությունը դառնում է վնասաբեր ուղղություն, բայց աշխատում են։ Կամ ո՞նց է լինում, որ 1 կգ խաղողից մենք կարող ենք ստանալ 1 շիշ գինի, որի ինքնարժեքը շշով, պիտակով ու դրոշմապիտակով դառնում է 350-400 դրամ, բայց խանութում հայտնվում է 2000 դրամով, այնինչ պետք է լինի մոտ մեկ դոլար։ Գյուղնախարարությունից գյուղացուն մեղադրում են շատ խաղող արտադրելու մեջ, բայց գյուղացին մեղավոր չէ, այն մարդիկ են մեղավոր, որ ձեզ նշանակել են այդ պաշտոններին։ Փոխանակ գյուղացու արտադրանքն արտահանեն, ապահովեն շուկան, այսօր մեղադրում են գյուղացուն։

Կարդացեք նաև

Ժամանակն է եկել գործարանատերերին հասկացնելու, որ 3 «Ջիփով» պետք չի ման գալ, 3 հատ առանձնատուն պետք չի ունենալ և 3 հատ սիրուհի պետք չի պահել։ Տնտեսական լծակներ կան, որ, եթե գերշահույթ ես ստացել, բարի եղիր՝ այդ գերշահույթից հարկերդ վճարիր, որտեղից էլ մենք կսուբսիդավորենք գյուղատնտեսությունը։ Ինչո՞ւ ենք արտադրում կոնյակ,  գինի, երբ մենք կարող ենք խաղողի օղի արտադրել. բուլղարական խաղողի օղին 8 դոլար արժե ռուսական շուկայում, իսկ ինչո՞ւ խաղողի հյութ չարտադրենք, արժեքը գինու հետ նույնը կլիներ, կամ ինչո՞ւ ոչ՝ խաղողի մեղր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս