«Մխիթարյանը չի կարողանում վերադարձնել նախկին մարզավիճակը, քանի որ չի խաղում». The Sun
Հանրահայտ The Sun պարբերականը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անգլիական ակումբում:
Հիշեցնենք, որ սկզբում անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դաշտ դուրս չէր բերում Մխիթարյանին հիմնական կազմում, սակայն միշտ գովաբանում էր նրան լրագրողների հետ զրույցներում: Հավաքականների ընդմիջումից հետո իրավիճակը փոխվեց: Նախ՝ նշվեց, որ Մխիթարյանը հավաքականի կազմում ստացած վնասվածքից հետո չի մասնակցի մանչեսթերյան դերբիին: Այս մասին հայտնեց նաև Մխիթարյանը՝ սոցցանցային գրառումների միջոցով: Սակայն հետո Մոուրինիոն ասաց, որ Մխիթարյանը վնասվածք չունի, և դուրս բերեց նրան դաշտ մեկնարկային կազմում: Մխիթարյանի ցուցադրած խաղը գոհացնող չէր, և նա փոխարինվեց առաջին խաղակեսից հետո: Դրանից հետո Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը չի խաղա Եվրոպա լիգայում, քանի որ չունի խաղային փորձ մեծ խաղերում: Հետո էլ ոչ պաշտոնական աղբյուրները, մասնավորապես՝ The Sun-ը և Times-ը հայտնեցին, որ Մխիթարյանը խորացրել է վնասվածքը և կբացակայի առաջիկա խաղերում: Մոուրինիոն հրաժարվեց խոսել Մխիթարյանի վնասվածքի մասին:
The Sun-ն այս ամենում մեղադրում է պորտուգալացի մարզչին: Պարբերականը նշում է, որ Մոուրինիոն ճիշտ էր Մխիթարյանին մեկնարկային կազմում դաշտ դուրս բերելիս՝ չնայած նրա վնասվածքին:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի կարողանում վերադարձնել նախկին մարզավիճակը, քանի որ չի խաղում: Այս իրավիճակից ելք գտնելու համար պարբերականն առաջարկում է Մոուրինիոյին՝ Հենրիխին օգտագործել այնտեղ, որտեղ ֆուտբոլիստն իրեն լավ է զգում: Ժոզեի թիմում Հենրիխը խաղում է հարձակվողական ամբողջ երկայնքով, սակայն իրեն ավելի լավ է զգում ենթահարձակվողի դիրքում:
Մխիթարյանի շուրջ առաջացած իրավիճակի մասին առայժմ լռում են երկու կողմերն էլ: Երկրպագուները գիտեն, որ ցանկացած իրադարձությունից հետո Մխիթարյանը գրառում է կատարում՝ ներկայացնելով իրավիճակը, սակայն առայժմ նա լուռ է:
Սիրարփի Աղաբաբյան