Ինչպե՞ս վերացնել հեռախոսի էկրանի բծերը
Գրեթե բոլոր հեռախոսներն ու պլանշետները մի փոքր օգտագործելուց հետո կորցնում են էկրանի փայլը: Էկրանի վրա հաճախ առաջանում են խազեր, որոնք, թվում է, անհնար է հեռացնելը:
Առաջարկում ենք էկրանի փայլը վերադարձնելու և խազերը մաքրելու 5 տարբերակ:
1. Ատամի մածուկ
Էկրանի վրա առաջացած բծերը մաքրելու առաջին միջոցը կարող եք գտնել լոգարանում: Կարող եք վերացնել խազերը հասարակ ատամի մածուկի միջոցով: Պետք է հաշվի առնել այն, որ մածուկը չպետք է լինի գելային:
Պետք է մածուկի հաստ շերտ քսել բամբակե փայտիկի կամ կտորի վրա: Այնուհետև զգույշ և առանց էկրանը սեղմելու՝ մածուկը տարածեք էկրանի վնասված հատվածին: Մի փոքր անց խոնավ բամբակե կտորով պետք է մաքրել մածուկը:
2.Մեքենայի խազերը վերացնող քսուք
Turtle Wax, 3M Scratch և Swirl Remover մեքենայի խազերը վերացնող քսուքները կարող են օգնել նաև ձեր հեռախոսին: Եթե անգամ այս միջոցն ամբողջությամբ չվերացնի բիծը, ապա այն հետքը կարող է դարձնել գրեթե անտեսանելի:
Պետք է պարզապես բամբակյա կտորով տարածել քսուքը հեռախոսի էկրանին:
3. Կերակրի սոդա
Կերակրի սոդան ևս շատ լավ միջոց է խազերը վերացնելու համար:
Սոդայով և ջրով պետք է ստանալ խիտ զանգված: Խյուսը բամբակե կտորի միջոցով տարածեք էկրանի վնասված հատվածի վրա, պարուրաձև շարժումներով մաքրեք, այնուհետև հեռացրեք սոդան փոքր-ինչ խոնավ կտորով:
4. Մանկական փոշի
Փոքրիկների խնամքի համար նախատեսված փոշու միջոցով ևս հնարավոր է մաքրել էկրանի բծերը և փայլ հաղորդել էկրանին: Ինչպես կերակրի սոդայի դեպքում, այստեղ ևս պետք է ստանալ խիտ զանգված և դրանով մաքրել էկրանը:
5. Բուսայուղ
Բուսայուղը կարող է փայլեցնել էկրանն այնպես, որ դրա վրա չերևան բծերը: Կարող եք մաքրել էկրանն ընդամենը 1 կաթիլ բուսայուղով:
Սիրարփի Աղաբաբյան