«Գրիբոյեդով» ակումբը սկսում է հավաքների նոր շարք. առաջին հյուրը Սամվել Կարապետյանն է

Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» քննարկումների ակումբը վերսկսում է իր երևանյան հանդիպումների նոր շրջափուլը։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ այս շաբաթ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ կկայանա գրիբոյեդովականների  հանդիպումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ Կիսելյովի հրավիրած  ընթրիքի հյուրն է լինելու «Տաշիր» ընկերության հիմնադիր-սեփականատեր, ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։  Նա, ըստ նույն այդ աղբյուրների, ակումբի անդամների հետ խոսելու է բիզնեսի հետ կապված թեմաների շուրջ։

Հիշեցնենք, որ «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզիչ, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովն է, Հայաստանում գործում է շուրջ երկու տարի։ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները, ըստ ավանդույթի, տեղի են ունենում ամիսը մեկ անգամ  երևանյան էլիտար ռեստորաններից որևէ մեկում։ Յուրաքանչյուր հանդիպմանը Կիսելյովը ներկայացնում է մեկ գործչի Ռուսաստանից, ով գրիբոյեդովականների հետ խոսում է որոշակի թեմայի շուրջ։

Կիսելյովի հյուրերը երբեք Ռուսաստանի լիբերալ թևի անդամները չեն լինում, այլ հիմնականում պուտինյան քաղաքականության տարբեր քարոզիչներ, ինչպիսին է Ալեքսանդր Դուգինը, Իրինա Ռոդնինան, Իգոր Կորոտչենկոն, Սերգեյ Կուրղինյանը և այլք։ Հավաքներին մասնակցելու համար Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը և նրա օգնականը, ով  կազմակերպում է հանդիպումները։ «Գրիբոյեդով» ակումբի անդամների պնդմամբ, հանդիպումներն անցնում են հետաքրքիր մթնոլորտում, քննարկվում են ամենատարբեր թեմաներ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս