Շոյգուն պատասխանել է Պենտագոնի մեղադրանքներին
Համաշխարհային իրավակարգը պահպանելը բոլոր պետությունների բնական պարտականությունն է, ոչ թե միայն Պենտագոնի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ պատասխանելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի մեղադրանքներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Որքան արագ մեր ամերիկացի գործընկերները դա գիտակցեն և սկսեն փոխվել, այնքան արագ կլուծվեն բոլոր տարաձայնությունները, ընդ որում, ոչ միայն Սիրիայի հարցով»,- հավելել է նա։
Շոյգուն կոչ է արել համաշխարհային իրավակարգը չշփոթել ամերիկյանի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել արդարացի և բազմաբևեռ աշխարհի պահպանման օգտին։
ՌԴ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ «հենց ԱՄՆ-ն արևմտյան գործընկերների հետ, սկսած Բոսնիայից և Կոսովոյից, վերջացրած Իրաքով և Լիբիայով, հետևողականորեն քանդել է գոյություն ունեցող իրավակարգի հիմքերը»։
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ն փոխի գործողությունների ռազմավարությունը, որպեսզի ամեն ինչ չգցի Ռուսաստանի, Չինաստանի ու մյուս երկրների վրա։
Ավելի վաղ Քարտերը, ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանում, հայտարարել էր, թե Ռուսաստանի իշխանությունները ձգտում են խաթարել համաշխարհային իրավակարգը։
«Մենք չենք որոնում թշնամու` ի դեմս Ռուսաստանի, սակայն մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին, սկզբունքային համաշխարհային իրավակարգն ու պոզիտիվ ապագան»,- հայտարարել է Քարտերը` ելույթ ունենալով Օքսֆորդի ուսանողների առաջ:
Նրա խոսքով` Ռուսաստանի գործողությունները հիմվում են կեղծ հավակնությունների և անհիմն վախերի վրա:
Քարտերը Մոսկվային մեղադրել է Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման մեջ, տիեզերքում և կիբերտիրույթում «ոչ պրոֆեսիոնալ վարքագծի» ու «միջուկային զենքով սպառնալու» մեջ:
«Մենք հակազդելու ենք մեր ընդհանուր անվտանգությունը խաթարելու փորձերին և մտադիր չենք անտեսել մեր ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը: