Բելառուսի խորհրդարանում 20 տարում առաջին անգամ ընդդիմադիր քաղաքական գործիչ կհայտնվի
Ընդդիմադիր Աննա Կոնոպալցկան Բելառուսում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքով տեղ է ստացել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այս մասին հայտնում է Բելառուսի ԿԸՀ-ն:
Աննա Կոնոպալցկան, որը Միավորված քաղաքացիական կուսակցությունից է, դարձել է առաջին ընդդիմադիրը այդ երկրի խորհրդարանում վերջին 20 տարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ավելի վաղ բոլոր մանդատները պատկանում էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության կողմնակիցներին:
Խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Ելենա Անիսիմը:
Բելառուսում 1990-ականներից չի եղել ոչ մի ընտրություն, որը կճանաչվեր ազատ և ժողովրդավարական: Այս տարի երկրի խորհրդարանական ընտրություններին հետևել է ԵԱՀԿ 400 ներկայացուցիչ: Մասնակցությունն ընտրություններին կազմել է ավելի քան 74 տոկոս: