17% անկում. ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը շեշտակի անկում է ապրում
2016 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը (միմյանց միջև, առանց երրորդ երկրների) կազմել է շուրջ 19 մլրդ դոլար։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները։
Փոխադարձ առևտրաշրջանառության մեծ մասը՝ 11.9 մլրդ դոլարը (ընդհանուրի 62.8%-ը) բաժին է ընկնում Ռուսաստանին։
Ղազախստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ գործընկերների հետ 1.8 մլրդ դոլար է (ընդհանուրի 9.5%-ը), Բելառուսինը՝ 5 մլրդ դոլար (ընդհանուրի 26.3%-ը), Ղրղզստանինը՝ 104.3 մլն դոլար (ընդհանուրի 0.5%-ը)։
Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ անդամ երկրների հետ 2016-ի առաջին կիսամյակում կազմել է 174.8 մլն դոլար, որը ԵՏՄ փոխադարձ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 0.9%-ն է։
Ինչպես երևում է հրապարակված տվյալներից, ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության 2016-ը դեռևս հաջող չի ընթանում։ 2015-ի առաջին կիսամյակի համեմատ առևտրաշրջանառությունը նվազել է 17%-ով։
Այդ թվում, Ռուսաստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ գործընկերների հետ նվազել է 17.8%-ով, Ղազախստանինը՝ 34.5%-ով, Բելառուսինը՝ 6.4%-ով, Ղրղզստանինը՝ 51%-ով։
Միակ երկիրը, որն առևտրաշրջանառության ծավալը ԵՏՄ գործընկերների հետ ավելացրել է, Հայաստանն է։ Հայաստան-ԵՏՄ առևտրաշրջանառությունը 2016-ի առաջին կիսամյակում 83.6%-ով աճել է՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։