«Հակահայկական քաղաքականությունն Արևմուտքի հետ հնարավոր լարվածության հերթական առիթը կարող է դառնալ Թուրքիայի համար». քուրդ գործիչ

«Դժվար է կանխատեսել, թե ինչ որոշումներ կկայացնի Էրդողանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Radikal»-ի սյունակագիր, ազգությամբ քուրդ գրող, լրագրող և ռեժիսոր Ումիթ Քվանչը՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին:

Ումիթ Քվանչը նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, որի կազմակերպիչները խիստ կասկածելի են թվում, առիթ դարձավ, որպեսզի Թուրքիայի նախագահն ուժեղացնի ճնշումը Թուրքիայում մշտապես խոցելի կարգավիճակում գտնվող խմբերի` լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների և քրդերի նկատմամբ:

«Թուրքական վերջին իրադարձություններն Էրդողանի ձեռքերն ազատեցին, նա վաղուց էր երազում Սիրիա մտնելու մասին: Սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա գործողությունների թիրախում Սիրիայի քրդերն են և ոչ «Իսլամական պետության» զինյալները, ում հետ Էրդողանը բավականին ինտենսիվ համագործակցության մեջ է եղել սիրիական պատերազմի ընթացքում: Էրդողանը փորձում է կանխել սիրիական քրդերի հզորացումը, որն արդեն իրականություն է և որից նա վտանգ է զգում Մեծ Քրդստանի ձևավորման հեռանկարների պատճառով: Իհարկե, այս գործողությունները որոշակիորեն կթուլացնեն քրդերին Սիրիայում, բայց Էրդողանի ցանկությունների իրագործման համար շատ ավելի երկարաժամկետ նման լուրջ գործողություններ պետք կլինեն, որը նա չի անի, քանի որ, չնայած Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններն այնքան էլ դրական փուլում չեն, հաշվի կառնի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող քննադատական ուղերձները: Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ Էրդողանի քաղաքականությունը երբեք բանականությամբ չի առաջնորդվել, այս անգամ ևս բացառություն չէ, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նման կարծիք հայտնեց քուրդ գործիչը:
Վերջինիս կարծիքով` այս պայմաններում խոսել Թուրքիայի` ԼՂ հակամարտության գոտում սպասվող ակտիվության մասին, անմտություն է:

«Չնայած Էրդողանն իր բոլոր վերջին քայլերը մեծ վստահությամբ է առաջ մղում, զգուշանում է Արևմուտքի արձագանքներից: Այս փուլում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն Արևմուտքի հետ հնարավոր լարվածության հերթական առիթը կարող է դառնալ Թուրքիայի իշխանությունների համար այս բարդ ժամանակաշրջանում, որին նրանք չեն ցանկանա գնալ»,- ասաց Քվանչը:

Վերջինիս համոզմամբ՝ այս փուլում Թուրքիան Հարավային Կովկասում փորձելու է չեզոքություն պահպանել: Նրա գնահատմամբ՝ դա ճիշտ կլինի, քանի որ Թուրքիայի իշխանություններն Արևմուտքի հետ հարաբերությունները շատ ավելի բարդ ու իրենց համար վտանգավոր փուլ տեղափոխելու սպառնալիքի տակ են:

Տեսանյութեր

Լրահոս