Գյումրիում օլիմպիական չեմպիոնին և փոխչեմպիոնին սպասում են իրենց մարզադպրոցներում

Ծանրորդ Գոռ Մինասյանի օլիմպիական արծաթե մեդալը ոգևորության մեծ ալիք է բարձրացրել Գյումրիում ու հատկապես հարազատ մարզադպրոցում: Ծանրորդ Գոռ Մինասյանի հաղթանակից օրեր անց Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ պարապում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդը, շարունակում են բաժակներ բարձրացնել ու միմյանց շնորհավորել՝ իրենց սանի ու հենց իրենց հաղթանակի համար:

Գոռի անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը վստահեցնում է` այն, ինչի հասավ Գոռը, իր նպատակասլացության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հասել: «10 տարեկան էր, երբ առաջին անգամ եկավ մարզադպրոց: Արդեն 2 տարի անց առաջընթացը նկատելի էր՝ հաղթանակներ նախ պատանիների, ապա՝ երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, դրանից հետո մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի երրորդ մրցանակակիր և վերջում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն»,- նշեց մարզիչը։ Նա վստահեցրեց, որ Գոռն իր կամքի ուժի շնորհիվ դեռ նոր նվաճումներ է ունենալու. «Իր առջև դրած բոլոր խնդիրները Գոռը կատարում է»։

Gor Minasyan (12)

Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը, որի տնօրեն, ծանրորդ, ԽՍՀՄ կրկնակի (1989թ.,1991թ.), Եվրոպայի (1989թ.), աշխարհի չեմպիոն (1989թ.), Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Բարսելոնայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1992թ.) Իսրայել Միլիտոսյանը նշեց, որ դպրոցին աջակցում են շատերը, այն լավ վիճակում է, մարզիկներն ունեն բոլոր պայմանները նորմալ մարզվելու համար։ Նա հույս հայտնեց, որ մարզադպրոցի սան Գոռ Մինասյանի այս հաղթանակին կհետևեն նաև մյուսները, իսկ Գոռը սրանով դեռ իր ասելիքը չի ավարտել:

858363

Գյումրու թիվ 28 դպրոցի հետնամասում՝ Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց»-ում այս պահին ավելի քան 200 սան է մարզվում: Դպրոցի ուսումնական գծով ուսմասվար Խաչիկ Բաղդասարյանն անկեղծանում է՝ 1994 թվականին հիմնադրված մարզադպրոցում երեխաների հոսքը շատ է, հատկապես` Արթուր Ալեքսանյանի հաջողություններից հետո, բայց ավելի շատ կլիներ, եթե ծնողներից շատերին չսարսափեցնեին մարզադպրոցի պայմանները` խոնավությունից ծեփոններով պատված 2 սրահ՝ առանց հատակի, գույքի, օդափոխիչ համակարգի, հանդերձարանի, նորմալ սանհանգույցի ու բաղնիքի:

Artur alexanyan

«Արթուրի բոլոր հաղթանակներից հետո սաների թիվն ավելանում է, հիմա էլ, վստահ եմ, այդ թիվն էլ ավելի կավելանա, բայց հուսամ, որ նախ և առաջ նորմալ մարզադպրոց կունենանք՝ հանդերձարանով, նորմալ սանհանգույցով, շոգեբաղնիքով: Արթուրի հաղթանակի գրավականը քրտնաջան աշխատանքն է, բայց եթե այս պայմաններում ենք կարողացել օլիմպիական չեմպիոն պատրաստել, պատկերացրեք` նորմալ պայմանների դեպքում ինչպիսի հնարավորություն կունենանք: Բացի Արթուրից, շատ լավ մարզիկներ ունենք, բոլորն այդ նույն՝ օլիմպիական չեմպիոն դառնալու նպատակով են առաջ գնում»,- վստահեցրեց Խաչիկ Բաղդասարյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս