Ադրբեջանն ու ԱՀԿ-ն բանակցային սեղանի շուրջ կնստեն 2017թ. կեսին

Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցելու բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա 2017 թվականի կեսից ոչ վաղ: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

«Օգոստոսի վերջին մենք ակնկալում ենք ստանալ ԱՀԿ-ի աշխատանքային խմբից կազմակերպության անդամ երկրների հարցերը, որոնք հնչել են 2016թ. հուլիսին Ժնևում բանակցությունների երրորդ տասնօրյակի ընթացքում, իսկ որոշ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Էկվադորը, արդեն ներկայացրել են իրենց առաջարկությունները»,- ասել է նա:

Առաջարկությունները, նրա խոսքով, հիմնականում կապված են սակագների նվազեցման, ծառայությունների ոլորտի ազատականացման հետ:

Նշենք, որ Ադրբեջանի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ է սկսել ԱՀԿ-ի շրջանակում ամռանը:

«Բանակցային հերթական գործընթացին նախապատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակ, այդ իսկ պատճառով ես ենթադրում եմ, որ ԱՀԿ-ի խմբի հետ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսից ոչ վաղ»,- ասել է Մամեդգուլիևը:

2016թ. տեղի է ունեցել առաջին հանդիպումը: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2015թ. մարտին Հռոմում:
Ադրբեջանն ԱՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ 1997-ից:

Տեսանյութեր

Լրահոս